
Չեխիայի պաշտպանության նախարարությունը խնդրել է ավելացնել բյուջեն՝ Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված

Չեխիայի պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել ֆինանսների նախարարությանը՝ իր բյուջեն 1,4 մլրդ կրոնով (մոտ 56 մլն եվրո) ավելացնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է CTK լրատվական գործակալությունը։
Պահանջվող միջոցներն ուղղվելու են ռազմական տեխնիկայի և հանրապետության պաշտպանունակության ամրապնդման համար անհրաժեշտ այլ միջոցների հրատապ ձեռքբերմանը։ Հիմնականում, ըստ գործակալության, դրանք ուղղվելու են Tatra արտաճանապարհային բեռնատարների ձեռքբերմանը, որոնք արտադրվում են Չեխիայի Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Կոպրժիվնիցե քաղաքի համանուն գործարանում։
Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողություններով պայմանավորված՝ Չեխիայի պաշտպանունակության ուժեղացման և ազգային զինված ուժերի համար ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման արագացման անհրաժեշտությունը։ Վերջերս ռազմական գերատեսչության բյուջեն ավելացել է 1 միլիարդ կրոնով (մոտ 40 միլիոն եվրո) մինչև 89,15 միլիարդ կրոն (մոտ 3,366 միլիարդ եվրո)։