Հանցագործը պետք է պատժվի, մենք ստանանք փոխհատուցում. Ահարոն Շխրտմյան
Հայոց ցեղասպանության 107-ամյակին և ապրիլի 24-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ժամանակավոր ցուցադրություն է բացվել։
Օսմանյան կայսրությունում մինչև Հայոց ցեղասպանությունը գործել է շուրջ 2000 հայկական կրթօջախ, որոնց զգալի մասը ջարդերից հետո պարզապես ոչնչացվել է։ Թանգարանում ցուցադրվող 3 տասնյակից ավելի արխիվային նյութերը, փաստաթղթերը վավերագրությունն են Արևմտյան Հայաստանում հայկական ներկայության, կրթական ու մշակութային գործունեության։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նաև ուսումնասիրություն են սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է դասավանդվում Հայոց ցեղասպանության թեման Հայաստանի ու Սփյուռքի հայկական դպրոցներում։
Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է դասավանդվում Հայոց ցեղասպանության թեման Սփյուռքի հայկական դպրոցներում։ Ընդհանրապես երեխաները որքանո՞վ են տեղյակ կատարվածի մասին, նա պատասխանեց.
«Սփյուռքը երբեք անմաս չի մնացել Հայոց ցեղասպանության նահատակներին իրենց հարգանքի տուրքը մատուցելու հարցում։ Այստեղ խնդիրը տարբեր տարիքային խմբերում նյութի ճիշտ մատուցումն է։ Փոքր տարիքում երեխաներին ավելի շատ տեղեկություն է տրվում Արևմտյան Հայաստանի մասին, ծանոթացնում ենք մշակութային կոթողներին։
Մեծանալով՝ երեխայի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա այն չի համարվում Հայաստանի տարածք, և հենց այդ տարիքում է, որ բացահայտում ենք Ցեղասպանության փաստը՝ այն ներկայացնելով ոչ թե որպես ուժեղի կողմից թույլի ոչնչացում, այլ խաբեության, դավաճանության և դաժան գործարքի հետևանք։ Կազմակերպվում են մոմավառություններ, երթեր, հանդիսություններ։
Ծաղիկներ են դրվում խաչքարերին, կամ այդ նպատակով ստեղծած հուշակոթողներին։ Կազմակերպում ենք գեղարվեստական, վավերագրական ֆիլմերի դիտում։ Ամենափոքրիկների հետ պատրաստում ենք անմոռուկներ՝ դրանք ներկայացնելով՝ որպես մեր ազգի անցյալի ցավոտ էջերի խորհրդանիշ։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայագիտական կենտրոնի տնօրեն, լիբանանահայ Ահարոն Շխրտմյանն էլ հավելեց. «Մեզ մոտ Ցեղասպանության իրողությունը նախակրթարանից սկսում ենք դասավանդել և զանազան նյութերի միջոցով՝ լինի հայոց գրականության կամ հայոց պատմության ճանապարհով, արդեն աշակերտը տեղեկանում է, որ մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն են գործել, և աստիճանաբար, դասարան առ դասարան այդ նյութը սկսում է ընդլայնվել և ավելի մանրամասներ ներկայացնել: Հայոց պատմության դեպքում հատուկ դասաժամեր կան, որտեղ առավել շատ տեղեկատվություն կա: Բացի այդ՝ Հայոց ցեղասպանության իրողությունը մեր առօրյա կյանքի մաս է կազմում. մամուլում, միջոցառումների ժամանակ միշտ հիշատակվում է, որ խլված են մեր հողերը, մշակութային կենտրոնները, ենթարկված ենք ֆիզիկական բնաջնջման և մենք պահանջատեր ենք: Հանցագործը պետք է պատժվի, մենք ստանանք փոխհատուցում»: