Դպրոցի տնօրենների հարցը մնում է առաջնային
Դպրոցների տնօրենների ընտրության գործընթացը շարունակում է մնալ Հայաստանի կրթության ամենացավոտ խնդիրներից մեկը։ Իրականում շատ կարևոր է, որ Հայաստանի դպրոցներն ունենան բարձրակարգ տնօրեններ։ Ոչ մի նախարար, փոխնախարար, վարչության պետ չի կարող կրթության համակարգում լուրջ փոփոխությունների հասնել՝ առանց դպրոցների կառավարման որակը բարձրացնելու։
Ցավոք, նախորդող տարիներին ոչինչ չարվեց դպրոցների կառավարման որակը բարձրացնելու ուղղությամբ։ Վերջին 2-3 տարիներին փոփոխություններ առաջարկվեցին դպրոցների տնօրենների ընտրության կարգում։ Ընդ որում, շրջանառվեցին մի քանի տարբերակներ։ Այսօր գործող կարգը լրջագույն խնդիրներ է ստեղծում դպրոցների համար։ Հայաստանում այս պահին կան դպրոցներ, որոնցում տևական ժամանակ տնօրեն չկա։ Ինքս գիտեմ երկու դպրոց, որոնցում գրեթե 1.5 տարի տնօրեն չկա։ Ինչո՞ւ այսպիսի իրավիճակ ստեղծվեց։ Պատճառները մի քանիսն են։
Որոշ տեղերում ամիսներ շարունակ խորհուրդներ չէին ձևավորվում։ Լրացել էր խորհրդի ժամկետը, բայց նոր խորհրդի ձևավորումն անհասկանալի պատճառով ձգձգվում էր։ Այս իրավիճակի պատճառով բազմաթիվ տնօրեններ, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել էր, մնում էին առանց աշխատանքի։ Բանն այն է, որ նոր կարգի համաձայն՝ գործող տնօրենը չի կարող մնալ որպես տնօրենի պաշտոնակատար մինչև ընտրության անցկացումը։ Տրամաբանությունն այն է, որ եթե գործող տնօրենը մնում է պաշտոնակատար, ապա կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Բայց այս տրամաբանությունը կուռ չէ, քանի որ տնօրենի պաշտոնակատար նշանակված անձը կարող է մասնակցել ընտրություններին։ Հենց այս հանգամանքն էլ վերջերս լարվածություն առաջացրեց Չեխովի դպրոցում։
Քաղաքապետարանը տնօրենի ընտրությանը մասնակցող և տնօրենի պաշտոնակատար հանդիսացող թեկնածուին ընտրությունից մի քանի օր առաջ պաշտոնանկ արեց և այդ պաշտոնում նշանակեց ընտրությանը մասնակցող մեկ այլ թեկնածուի։ Դրանով հստակ ուղերձ տրվեց, թե ում է պաշտպանում քաղաքային իշխանությունն ընտրություններում։
Մյուս պատճառն էլ այն է, որ տնօրեն ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդի 9 անդամներից առնվազն 6-ի ձայները։ Այսինքն՝ 50%+1 ձայնը բավարար չէ ընտրվելու համար։ Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդի 9 անդամներից 4-ը կախված դպրոցի ենթակայությունից՝ Երևանի քաղաքապետարանի (մարզպետարանի) կամ նախարարության ներկայացուցիչներ են, ապա պարզ է, որ ոչ մի թեկնածու չի կարող ընտրվել, եթե իշխանության կողմից ներկայացված բոլոր անդամները դեմ են։ Նույնը վերաբերում է նաև ծնողներին և ուսուցիչներին։ Եթե նրանք դեմ են քվեարկում որևէ թեկնածուի, ապա այդ թեկնածուներն ընտրվելու տարբերակ չունեն։
Հենց սա է հիմա տեղի ունենում Չեխովի դպրոցում։ Երևանի քաղաքապետարանից ներկայացված խորհրդի անդամները քվեարկում են մի թեկնածուի օգտին, ծնողներն ու ուսուցիչները՝ մեկ այլ թեկնածուի։ Քանի որ Չեխովի դպրոցը քաղաքապետարանի ենթակայության է, նախարարությունը խորհրդում ունի մեկ ներկայացուցիչ, որն էլ վերջին ընտրության ժամանակ քվեարկեց 3-րդ թեկնածուի օգտին։
Ներկայումս շատ դպրոցներում են ձայները կիսվում, քանի որ այսօր դպրոցների տնօրենների ընտրության գործընթացը չի կառավարվում մեկ կենտրոնից։ Իրականում գործընթացը մի քանի կետից է ղեկավարվում, ինչի արդյունքում առաջանում են շահերի բախումներ, և թեկնածուներից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ 6 ձայնը։
Ի դեպ, անցած տարի բավական լարված իրավիճակ էր Գյումրու դպրոցներից մեկում։ Եղան գործադուլներ, դասադուլներ, բողոքի ակցիաներ։ Ճիշտ է, այդ ժամանակ դեռևս 6 ձայնի պահանջը չկար, բայց պարզվեց՝ երկու թեկնածուներն էլ աջակիցներ ունեին իշխանության ներսում, և պայքարը ներիշխանական էր։ Նման դեպքերում, երբ իշխանության ներսում առկա տարակարծությունները լուծվում են, դպրոցներն արագ վերադառնում են նորմալ ռեժիմի և հաշտ ու համերաշխ աշխատում այն տնօրենի հետ, որին դպրոցում «սվիններով» էին դիմավորում բողոքի ակցիայի օրերին։ Ցավալի է, երբ իմանում ես, որ արտաքինից ժողովրդավարական թվացող գործընթացներն իրականում մանիպուլյացվում են տարբեր ուժերի կողմերի կողմից։
Տնօրենների ընտրության շուրջ ծավալվող այս գործընթացներն ինչ-որ առումով անհասկանալի են։ Դպրոցի տնօրենի աշխատավարձը բավական ցածր է, 2023թ.-ից էլ էապես նվազելու են տնօրենի լիազորությունները, և շեշտակի մեծանալու է պատասխանատվությունը։ Սակայն շատերն են ցանկանում դպրոցի տնօրեն դառնալ։ Շատ ավելի բարձր վարձատրվող բուհի ռեկտորի պաշտոնին հավակնում է 1 թեկնածու, իսկ դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնում են 3-4, երբեմն՝ ավելի շատ թեկնածուներ։
Սա մի բանի մասին է վկայում։ Բուհերի ռեկտորների ընտրության գործընթացը 1 կետից է կառավարվում։ Հետևաբար՝ մարդիկ անիմաստ են համարում մասնակցել մի գործընթացի, որի ելքը վճռված է։ Դպրոցների տնօրենների պարագայում մեկ կենտրոն չկա, թեև լինում են նախընտրելի թեկնածուներ։ Հետևաբար՝ մարդիկ հույս ունեն, որ իրենք կարող են ընտրվել։ Իհարկե, սա լավ նշան է։ Թեև սա էլ չի երաշխավորում, որ հաղթում են լավագույնները։
2023թ.-ից դպրոցի տնօրենի ընտրության կարգը փոխվելու է։ Ստեղծվելու է մասնագիտական խորհուրդ, որն էլ վճռորոշ դեր է ունենալու տնօրենների նշանակման գործընթացում։ Իհարկե, ցանկացած երկրում մեծ դեր է խաղում մշակույթը։ Մեր մշակույթում դեռևս գերիշխում է լոյալին, բարեկամին, համակուրսեցուն աշխատանքի տեղավորելու արատավոր պրակտիկան։ Ինչպես էլ ընտրվեն կամ նշանակվեն տնօրենները, կարևոր է, որ այս արատավոր պրակտիկաներն արմատախիլ արվեն։ Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է 1400 բարձրակարգ տնօրեն։ Այդ մարդիկ կան։ Նրանց մի մասն այս պահին էլ է տնօրեն։ Բայց եթե ստեղծենք մի իրավիճակ, որում լավագույնները դառնան դպրոցի տնօրեն, ապա կլուծենք Հայաստանի կրթության մեծագույն խնդիրներից մեկը։