
Թուրքիան փակել է երկինքը Սիրիա ուղևորվող ՌԴ ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար

Թուրքիան փակել է երկինքը Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թռիչքների թույլտվությունն ապրիլին ավարտվել է։
«Մենք փակել ենք օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական ինքնաթիռների և նույնիսկ քաղաքացիական օդանավերի համար։ Մենք երեք ամսվա թույլտվություն էինք տվել։ Նրանց թույլտվությունը մինչև ապրիլ էր։ Մեր նախագահն ասել է այդ մասին Պուտինին (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին-խմբ.)։ Հետո թռիչքները դադարեցին »,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Sabah թերթը։
Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ երկիրը բոլոր գործընթացները երկխոսության միջոցով է վարում թե՛ Մոնտրյոյի կոնվենցիայի, թե՛ այլ հարցերի շուրջ։
Նա հավելել է, որ Թուրքիան չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, ուստի ռուս գործարարները կարող են գործեր վարել հանրապետությունում: