Հալեպահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը դեպի Ազգային գերեզմանատուն ջահերթով
Հալեպահայությունը ապրիլի 22-ին համախմբվել ու Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ պահանջատերի իր կեցվածքը այս անգամ արտահայտել դեպի Ազգային գերեզմանատուն ժողովրդի ջահերթով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ֆեյսբուք»-ում Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» էջը։
Սիրիայի և Հայաստանի զույգ դրոշներով ջահերթը առաջնորդել է ՀՄԸՄ-ի Հալեպի մասնաճյուղի փողերախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Մհեր Սուսանին։
Շրջանի բնակիչները, իրենց պատշգամբներից մոմեր բռնած, ևս մասնակցել են քայլերթին։
«Ազգ. գերեզմանատան մուտքի մոտ փողերախումբը հնչեցրել է Սիրիայի և Հայաստանի քայլերգները: Ցեղասպանությունը խորհրդանշող հուշաքարի առջև տեղադրվել են ծաղկեպսակներ, ապա հայ հոգևոր պետերը, միացնելով իրենց ջահերը, վառել են հուշաքարի մոտ գտնվող՝ ցեղասպանության նահատակների հիշատակը խորհրդանշող ջահը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ներկաները հոտնկայս հարգել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի բոլոր նահատակների հիշատակը:
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Ապրիլյան ոգեկոչման ձեռնարկների նախօրյակին համախմբված ենք կրկին հաղորդակից դառնալու մեր նահատակների կտակին։ Հավաքված ենք ոչ թե սգալու, այլ վերստին հաստատելու մեր աննահանջ երթը դեպի վերջնական հաղթանակ։ Մեր արդար դատին վերջնական, արդար հատուցման ճանապարհը բնականաբար պիտի հանդիպի խոչընդոտների։ Ահա թե ինչու մեր նահատակների պատգամը պիտի չմնա պարզապես պատմության էջերում, այլ գործի պիտի վերածվի։ Մեր սուգը չի կարող հավերժ լինել, որովհետև կա անդուլ պայքար»,- ասել է ՍԵՄ-ի Կենտրոնական Վարչությունից Թինա Գասպարյանը։
Նշվում է, որ Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Ս. Եպս. Զոպյանը, ներկաներին իր պատգամն ուղղելով, ասել է. «Այս ջահերթը վկայում է, որ հալեպահայությունը հաստատակամ է իր պայքարի մեջ։ Նպատակ ունենք, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասին այս ջահի նման մնան լուսավոր ու վառ։ Այս օրերը ուխտի օրեր են մեզ համար։ Ուխտենք հավաքական մեր աշխատանքով, պայքարով կյանքի կոչել մեր սրբադասված նահատակների պատգամը»։
Ջահերթի ավարտին հնչել է «Պահպանիչ» աղոթք։