Պետք է տեսնել՝ ինչ կարելի է անել, որ խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ լինի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, այն ներառում է երկու երկրների գործունեության բոլոր կարևոր ոլորտները։ Այս մասին երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն ունի, որը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, շատ հաճախ ենք հանդիպում, ունենում ենք հեռախոսազրույցներ: Երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակութային, ռազմատեխնիկական համագործակցությամբ»,- ասաց նա։

«Ռուսաստանը առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում: Կրկին պետք է նշեմ ձեր բացառիկ դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հարցում: Դրանից հետո այնտեղ տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Կարծես թե պետք է տեսնել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ լինի»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ Ռուսաստան իր այցի օրակարգի մեծ մասը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։

«Մեր տարածաշրջանի հիմնական քաղաքական խնդիրը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է, և ես վստահ եմ, որ այսօր մենք նույնպես կխոսենք այս մասին։ Իսկապես, իմ այցի ընթացքում շատ հագեցած օրակարգ կա, բայց դրա բավականին մեծ մասը կապված է վերոնշյալ բանակցությունների հետ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս