Փաշինյանը ՊՊԾ-ն իրեն ենթարկեցնելով՝ իր անվտանգության հարցն է լուծում. Գիտի՝ հետո ինչ է անելու. Արթուր Խաչատրյան

Մինչ հայաստանյան ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի Արցախի մնացյալ հատվածը մնա հայկական, իսկ Հայաստանից էլ Ադրբեջանին տարածքներ չհանձնվեն, Փաշինյանի ղեկավարած Կառավարությունում որոշել են կառուցվածքային փոփոխություններ կատարել պետական համակարգում և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակա պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից, իսկ կառույցն իր հետագա գործունեությունը պետք է շարունակի՝ որպես վարչապետին ենթակա մարմին:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով իշխանությունների նախաձեռնած այս գործընթացի մասին, նշեց՝ նպատակը բացառապես մեկ անձի՝ Փաշինյանի անվտանգության ապահովումն է ու դիրքերի ամապնդումը։

«Ի դեպ, մոտ երեք շաբաթ առաջ էլ ավելացրել են ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատողների աշխատավարձերը։ Նման մեթոդներով իշխանությունը փորձում է կաշառել ոստիկանությանը։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս նախագծին, ապա նման որոշմամբ Փաշինյանն Իվան Ահեղի գործողություններն է անում՝ իր սեփական դրուժինան է ստեղծում, որն իր անմիջական ենթակայության տակ կլինի ու կապահովի իր անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանն այդ քայլով ինքը կորոշի՝ օրինակ, Գլխավոր դատախազին, Բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր պաշտոնակատարին կամ Սահմանադրական դատարանի նախագահին ինչպիսի՞ անվտանգություն տրամադրել։

Նիկոլ Փաշինյանը գիտակցում է՝ ինչ է արել ու անելու, դրա համար փորձում է իր անվտանգությունը մեծացնել»,- ասաց Խաչատրյանը։

Խոսելով մեկ այլ օրենսդրական փոփոխության մասին, ըստ որի՝ փոփոխություն կկատավի նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում և պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, նրանց կտրվեն նաև այլ սոցիալական երաշխիքներ, Արթուր Խաչատրյանն ընդգծեց.

«Այս նախագծով էլ փորձում է տպավորություն ստեղծել, թե պատրաստվում է գնալ, իսկ իրականում այլ խնդիր է լուծում։ Հայաստանի տարբեր նախկին վարչապետներ կողմ էին նրա հրաժարականին ու դրանից հետո ռազմաքաղաքական խորհուրդ ստեղծելուն։ Կարծում եմ՝ հիմա այդ նախկին վարչապետներին անգամ այս օրենքով չի կանգնեցնի, թեև սա նրանց լռեցնելու փորձ է»,- ասաց Խաչատրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս