Բաժիններ՝

Երևան քաղաքի երեք փողոց նոր անուն կունենան

Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում երեք փողոցներ անվանակոչելու հարցն է, որը կքննարկվի ապրիլի 19-ին:

Այսպիսով՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 13-րդ փողոցը կանվանակոչեն «Նոր Զմյուռնիա» անվամբ՝ «Նոր Զմյուռնիայի փողոց»։  Նուբարաշենի կառուցումը կապված է հայ ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի անվան ու գործունեության հետ: Նրա հայրը՝ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, ծնվել և կրթություն է ստացել Զմյուռնիայում: Նուբարյանները սերել են 18-րդ դարավերջին Լեռնային Ղարաբաղից Զմյուռնիա գաղթած վաճառական Մկրտիչ Նուբարի ճյուղից և բավական ճանաչված էին Զմյուռնիայում:

Երևան քաղաքի Բագրևանդի փողոցից մինչև Թևոսյան փողոց ձգվող ճանապարհահատվածը կանվանակոչեն հայտնի վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի անվամբ՝ «Ալեքսանդր Միքայելյան փողոց»։

Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 29-ին, Վրաստանի Թիֆլիս (այժմ՝ Թբիլիսի) քաղաքում: Ալեքսանդր Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄ-ի սիրտ-անոթային վիրաբուժության զարգացման գործում: Նա Հայաստանի սիրտ-անոթային վիրաբուժության ու փոխպատվաստաբանության հիմնադիրն է: 1985 թվականին Միքայելյանը Հայաստանում կատարել է երիկամի առաջին փոխպատվաստումը:

Իսկ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցը կանվանափոխեն թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»։ Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930 թվականի ապրիլի 1-ին, Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-1984 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավարը, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահը:

1985-1988 թվականներին եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասան և գլխավոր ռեժիսորը: 1980-1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1969 թվականին արժանացել է՝ ՀԽՍՀ, 1980 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը, 1981 թվականին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի, 2000 թվականին՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը և ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Թատրոնի և կինոյի անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մասնակցել է բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների, նկարահանվել է նաև «Մոսֆիլմ» կինոստուդիայի կինոնկարներում: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ Ա. Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), Գ. Բորյանի «Կամրջի վրա» (Արմեն), Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա), Գ. Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Վ. Շեքսպիրի «Կորիոլան» (Կորիոլան), «Օթելլո» (Օթելլո), Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Ավետյան), «Ավերված քաղաքի առասպելը» (Արշակ թագավոր), և այլն: Նկարահանվել է հայկական մի շարք ֆիլմերում՝ «Առաջին սիրո երգը» (Արսեն, 1958թ.), «Սարոյան եղբայրներ» (Գևորգ, 1968թ.), «Տերը» (Ռոստոմ, 1968թ.), «Մենք ենք, մեր սարերը» (Պավլե, 1969թ.), «Երևանյան օրերի խրոնիկա» (Արմեն, 1972թ.) «Երկունք» (Մյասնիկյան, 1977թ.), «Հուսո աստղ» (Տեր-Ավետիս, 1978թ.), «Ապրեցեք երկար» (Սիսակյան,1979թ.) և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս