«Եթե նույնիսկ Փաշինյանը չի էլ գիտակցել, թե ի՞նչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, սա պատահականություն չէ. ամեն բան որոշում է նախախնամությունը». Շիրակի թեմի առաջնորդ
«Տեղյակ չեմ, հետաքրքրված էլ չեմ, թե ինչ այցով էր այդ մարդը եկել Գյումրի։ Այսօր ես իրենով զբաղվելու ցանկություն չունեմ։ Այսօր Ավագ շաբաթ է, հիմա մենք պատրաստվում ենք գնալ երեկոյան Ճրագալույցի պատարագի։ Թեև, եթե Ավագ շաբաթ էլ չլիներ, իրենով զբաղվելու ցանկություն, առհասարակ, չունեի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, խոսելով ՀՀ վարչապետի՝ այսօր Գյումրի կատարած այցի մասին։
«Նա ժողովրդի մոտ չէր եկել։ Սուսուփուս եկավ իր ծրագրով, արեց, ինչ պետք է աներ և, հավանաբար, արդեն երևի գնացել է։ Գյումրիում ապրող մարդիկ նրան դիմավորելու խնդիր չունեին։ Բողոքի ակցիա՝Գյումրիում նրա այցի հետ կապված, եղել է։ Այն մարդիկ, ովքեր դեմ էին նրա՝ Գյումրի գալու փաստին, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և համապատասխան ակցիան են իրականացրել քաղաքի փողոցներում»,- ասել է սրբազանը։
Պատասխանելով նկատառմանը, թե այս շաբաթ, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը, արդյո՞ք պատահական էր, որ հատկապես այս շաբաթվա ընթացքում վարչապետը ԱԺ ամբիոնից օրեր շարունակ վիճահարույց, տագնապալի և խիստ անընդունելի քննարկումներ ծավալեց՝ կապված Արցախի և արցախահայության անվտանգային հարցերի վերաբերյալ, Սրբազանը պատասխանում է՝ պատահական ոչինչ չի լինում. «Գուցե ինքն անձամբ հատուկ չէր պլանավորել այդ հարցերը քննարկել հենց այս՝ Ավագ շաբաթվա ընթացքում, բայց դա տեղի ունեցավ և սա բոլորովին պատահականություն չէ։ Եթե նույնիսկ ինքը չի էլ գիտակցել, թե ի՞նչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, կրկին պատահական չէ, որովհետև ամեն բան որոշում է նախախնամությունը։ Հայտնի իրողություն է՝ այնպես, ինչպես կանցկացնենք Ավագ շաբաթը, դա է որոշում մեր հոգևոր պատրաստվածության աստիճանը, կանխորոշում ողջ տարվա ընթացքը։ Այստեղ այլևս ոչինչ չեմ ուզում ավելացնել»,- ամփոփեց զրույցը Շիրակի թեմի առաջնորդը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել էր Գյումրի, որտեղ ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացվող կահավորման աշխատանքներին: Վարչապետի այցն ուղեկցվել է Գյումրիում կազմակերպված բողոքի ակացիայով։