
Գերմանիայի արդարադատության նախարարը Կիևին զենքի մատակարարումը պատերազմի մեջ ներգրավվել չի համարում

Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը կարծում է, որ Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը չի նշանակում, որ երկիրը մտնում է պատերազմի մեջ: Այս մասին նա խոսել է Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:
«ՄԱԿ-ի կանոնադրությունը սկզբունքորեն արգելում է պատերազմները, մի բացառությամբ՝ պաշտպանական պատերազմը: Ուկրաինան նման պատերազմ է վարում: Այդպիսով, եթե այդ երկիրն օգտվում է ինքնապաշտպանության իրավունքից, ապա զենքի մատակարարման միջոցով աջակցությունը չի կարող հանգեցնել նրան, որ [աջակցություն տրամադրողը] դառնա պատերազմող կողմ»,- նշել է նա։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը հայտարարել էր, որ Կիևին հարկավոր է ծանր սպառազինություն:
Գերմանիայի կառավարությունը փետրվարի 26-ին հավանության էր արժանացրել Ուկրաինային սպառազինության մատակարարելու մասին որոշումը: Մասնավորապես, Ուկրաինա էր ուղարկվել 1000 միավոր հակատանկային սպառազինություն և 500 շարժական Stinger զենիթային հրթիռային համակարգ: