Բա ո՞ւր էր Շանթի Յուրան մինչև 2021թ., որ չի եկել ասել՝ կաշառք եմ տվել Աղվան Հովսեփյանին. պաշտպան

Շատերն են այդ հարցը տալիս, թե ինչո՞ւ էր պետք Աղվան Հովսեփյանի վերաբերյալ այս գործը: Սա ընդհանուր ֆոնի մեջ պետք է դիտարկել, երբ անընդհատ գոռում-գոչում են, որ նախկին իշխանավորներն ապօրինի արարքներ են կատարել, կոռուպցիոն գործարքներ և այլն, պետք է ինչ-որ ձև հիմնավորել:

Այս մասին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի քրեական գործով նախաքննության ավարտի առնչությամբ վերջինիս փաստաբանական թիմի տված ասուլիսի ժամանակ ասաց նրա պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը:

«Իհարկե, Աղվան Հովսեփյանի մասով սկսեցին 2020թ.-ից, մոտ 1.5 տարի ոչինչ չկարողացան հայտնաբերել, բայց քանի որ խնդիրն ավելի սուր դրվեց, որովհետև Աղվան Հովսեփյանը 2020թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ սկսեց սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա հայտարարվեց՝ որպես թիվ 1 թշնամի: Իսկ Աղվան Հովսեփյանն ունի պոտենցիալ հնարավորություններ՝ իր անձով, իր տարիների փորձով ու հեղինակությամբ օգտակար լինել, հետևաբար՝ խնդիր դրվեց, որ արագ նրա նկատմամբ այդ գործողությունները կատարվեն»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տվեցին նրա ընկերները, վերջինս պատասխանեց՝ ես չգիտեմ՝ որքանով են նրանք ընկեր, գիտեմ, որ որդիների և իր հետ ընդհանուր առմամբ մտերմություն կա:

«Բայց, այնուամենայնիվ, այստեղ պետք է ուշադիր լինել ու հասկանալ՝ կոնկրետ անձանց, այդ ցուցմունք տվողների մասով քրեական գործեր եղե՞լ են տվյալ ժամանակահատվածում: Իսկ կարո՞ղ է՝ պետք է լինեին, չեղան: Իսկ կարո՞ղ է՝ եղել են, կարճվել են: Իսկ կարո՞ղ է՝ կան ու ընթացքի մեջ են: Իսկ կարո՞ղ է՝ այդ ցուցմունք տվողները խնդիրներ ունեն, որ ցանկանում են լուծել…»,- ասաց փաստաբանը:

Նա հռետորական հարցեր ուղղեց Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Ղարիբյան եղբայրներից Վարշամին, ով հանրության մեջ ավելի հայտնի է՝ որպես Շանթի Յուրա:

«Դու ասում ես, որ հեռուստաընկերությունդ կաշառք ես տվել, որ գույքը, հողատարածքը քոնն է, 2018թ.-ից քո անունով չէ, Աղվան Հովսեփյանի անունով է, բայց դու ոչինչ չես անում: Վախենում էիր երևի, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնատար անձ է, կարող է հանկարծ քեզ համար բարդ հետևանքներ ստեղծել: Ընդունում եմ: 2018թ.-ից Աղվան Հովսեփյանը որևէ պաշտոն չի զբաղեցրել: Եկեք իրականությանը նայենք: Երկրում հեղափոխություն է եղել, և այլևս որևէ մեկը չէր կարող ասել, որ Աղվան Հովսեփյանը կարող է իշխանական որևէ լծակ օգտագործել: Բա ո՞ւր էր Վարշամ Ղարիբյանը մինչև 2021թ., որ գար, ասեր՝ գույքս հափշտակել են, կաշառք եմ տվել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա՝ գուցե նաև երկրորդական շահ է առկա, ու Վարշամ Ղարիբյանին երաշխիքներ են տվել, որ նա իր գույքը հետ կստանա:

«Բայց մենք ունենք փաստական տվյալներ, թե այս անձինք ինչու են նման վարքագիծ դրսևորում»,- ասաց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս