Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին:
Փաշինյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գիտության բնագավառում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Դիմելով Յուրի Հովհաննիսյանին՝ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի և տեղի գործընկերների հետ, ունեք նորանոր գաղափարներ և հաջողությամբ շարունակում եք գիտական գործունեությունը»: Կառավարության ղեկավարը մեծանուն գիտնականին մաղթել է քաջառողջություն:
Յուրի Հովհաննիսյանը և Գրիգորի Տրուբնիկովը ներկայացրել են Հայաստան այցի մանրամասները և գիտության բնագավառում նոր ծրագրերի իրականացման, մասնավորապես, ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում գիտական նոր կենտրոնների հիմնմանն ուղղված քայլերը: Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում մեր երկիրն ունի լավ հնարավորություններ և հավելել, որ իր փորձով շարունակելու է նպաստել ոլորտի առաջընթացին:
Հանդիպմանը քննարկվել են Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի շրջանակում երիտասարդ գիտնականներին նոր ծրագրերում ներգրավվելուն վերաբերող հարցեր:
Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է 82 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը՝ 40-160 տոկոսով: Վարչապետն ընդգծել է, որ գիտության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և այն շարունակելու է գտնվել պետության ուշադրության կենտրոնում: