Դիեգո Մարադոնան մահացել է բժիշկների անփութության պատճառով. Արգենտինայի դատախազություն
Դիեգո Մարադոնան մահացել է ոչ թե իր մահով, այլ բժիշկների անփութության պատճառով։ Այս մասին հայտնել է Արգենտինայի դատախազությունը։
France24-ի փոխանցմամբ՝ լեգենդար ֆուտբոլիստի բժիշկներին սպանության մեղադրանք է առաջադրվել։ Դատախազներն արդեն դիմել են դատարան՝ պնդելով, որ բուժաշխատողներն անփույթ են եղել և տղամարդուն «անօգնական վիճակում են թողել բախտի քմահաճույքին» գլխուղեղի ենթադուրալ հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո ՝տնային հոսպիտալացման ժամանակ:
Իրավապահները բուժանձնակազմի գործողությունները գնահատել են որպես ոչ համարժեք և անխոհեմ։ Եթե մեղադրյալները, որոնց թվում են բուժքույրը, հոգեբանը, հոգեբույժը և նյարդավիրաբույժը, մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնայի մահվան պատճառը սրտի անբավարարությունից առաջացած սուր թոքային այտուցն էր։ Ոստիկանությունն անմիջապես կասկածել է բուժանձնակազմին անփութության համար և սկսել հետաքննություն։