Հնդկաստանն ստացել է ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների նոր խմբաքանակ
Հնդկաստանում ստացվել է ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների նոր խմբաքանակն առանց ուշացումների՝ չնայած Ուկրաինայում շարունակվող հատուկ գործողությանը: Ապրիլի 15-ին այդ մասին հաղորդել է India Today թերթը՝ վկայակոչելով կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների։
«Ս-400-ների խմբաքանակը տեղ է հասցվել նավով եւ արդեն շահագործվում է: Զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումների մի մասը տեղ է հասցվել օդով եւ ծովով, համակարգերն արագորեն տեղակայված են նշանակված վայրերում»,- հաղորդել է հրատարակությունը: Թերթի զրուցակիցների խոսքով՝ Հնդկաստանը «շարունակում է իր բեռներն ստանալ առանց որեւէ ուշացումների, իսկ (զինամթեքի) վերջին մատակարարումն ստացվել է մի քանի օր առաջ», չնայած Ուկրաինայի ճգնաժամին: Հնդկաստանը ռուսական Ս-400-ներ գնելու մտադրության մասին հայտարարել է 2015 թվականին:
Ս-400 «Տրիումֆ» հինգ գնդային համալիրների մատակարաման 5,43 միլիարդ դոլարի պարտավորագիրն ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ: Ս-400 «Տրիումֆը» մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթա-հրթիռային համակարգ է: Այն նախատեսված է օդային հարձակման միջոցների եւ ցանկացած այլ օդային թիրախների խոցման եւ հետախուզման համար՝ ինտենսիվ կրակային եւ ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում: Համակարգն ունակ է մինչեւ 400 կիլոմետր հեռավորությամբ խոցելու ինքնաթիռներ եւ թեւավոր հրթիռներ, մինչեւ 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք թռչում են վայրկյանում մինչեւ 30 կիլոմետր արագությամբ, կարող է ոչնչացնել թիրախները մինչեւ 30 կիլոմետր բարձրության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: