«Ժամանակ չի մնացել, ունենք մեկ-երկու շաբաթ գործելու համար». Նաիրա Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը արդեն բացահայտ խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Երեկ Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ հրավիրեց՝ ընդունելով հայտարարություն, որում հստակ ձևակերպված է պահանջ Հայաստանի իշխանություններին՝  հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»:

«Ես ապշում եմ, իշխանություններն իրոք ապրում են զուգահեռ իրականության մեջ: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է հայ մարդը, որը գիտակից և սրտացավ է հայրենիքի հանդեպ, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդի թեկուզ 680 հազարին, այսպիսի անպատասխանատու վերաբերմունք ունենա հայրենիքի հանդեպ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:

Հարցին՝ պատերազմից հետո Արցախում ցանկացած միջադեպի պարագայում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բացառապես ռուս խաղաղապահներին էին մատնացույց անում, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարել է, որ Արցախի ժողովրդից մանդատ չի ստացել, հիմա ի՞նչ իրավունքով են Փաշինյանն ու իր թիմը խոսում Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին, Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Փառուխի օրինակը իրենց համար դրոշակի պես բան է դարձել, երեկ Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ տվեց մի արտահայտություն, որ՝ եկեք՝ իրար չխաբենք, եթե չտանք, կտոր-կտոր ենք տալու: Ես իրավունք ունեմ կասկածելու, որ Փառուխի միջադեպը եղավ ինչ-որ մի հանցավոր պայմանավորվածության արդյունքում, որպեսզի դա որպես օրինակ օգտագործվի, որ՝ տեսեք՝ Փառուխի հետ ինչ եղավ, նույնը կլինի Ասկերանի մյուս գյուղերի հետ, վերջում կհասնեն Ստեփանակերտ: Արցախի ժողովրդի ձայնը լսելի չդարձավ հենց այն պահից, երբ դադարեցին կոնսուլտացիաները Արցախի իշխանությունների հետ, երբ դադարեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելություններն Արցախ»:

Դիտարկմանը՝ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Արցախի իշխանություններին ամեն ինչի մասին տեղյակ է պահել, նա արձագանքեց. «Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարությունը խոսում էր խիստ հակառակի մասին»:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահի խոսքով՝ Հայաստանը ոչինչ չի շահում ո՛չ Արևմուտքի գիրկը ընկնելուց, որը բրյուսելյան վերջին հանդիպումից հետո իր համար նկատելի է, ո՛չ Ռուսաստանի գիրկը ընկնելուց. «Մենք պետք է կարողանայինք խուսանավել, որովհետև ինչպես հասկանում եմ՝ դեպքերը արագ են զարգանում, և մինչև ապրիլի վերջ, իսկ դրան մնացել է 2 շաբաթ ժամանակ, ստեղծվելու է հանձնաժողով, և լինի դեմարկացիա և դելիմիտացիա, որին, Ռուսաստանը, ի դեպ, ասաց, որ կօգնի քարտեզներով: Այդ քարտեզներն այդքան մեծ նշանակություն չունեն, որքան փաստը, թե Արցախն ինչ կարգավիճակում է լինելու»:

Նրա գնահատմամբ՝ որևէ պարագայում խաղաղություն չի հաստատվելու. «Խաղաղությունը այսպես չի հաստատվում, երբ մի երկիրը կորցրել է ամեն ինչ և շարունակում է կորցնել, իսկ մյուս երկիրը կյանքի է կոչում իր բոլոր երազանքները: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, համաձայնելով ամեն ինչի, անգամ՝ այդ նշաձողը իջեցնելուն, չկարողացավ անգամ գերիներին հետ բերել, դա փոքր զիջում էր այս մեծ դասավորումների մեջ, բայց մեր տղաների և իրենց ընտանիքների համար ցավի բուժում էր, բայց նա անգամ այդ փոքրիկ քայլը չկարողացավ անել»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեր տաղավարում հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված չեն, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանքի Ադրբեջանի գործողություններին, և սա, ըստ նրա՝ փոխհամաձայնեցված գործելակերպ է: Նա նաև նշել է, որ գործող իշխանություններն այս պահին ամեն ինչ անում են, որպեսզի հետագայում իշխանափոխությունից հետո էլ Հայաստանը որևէ իրավական գործընթաց չսկսի ընդդեմ Ադրբեջանի, և, որ Փաշինյանի առջև դրված է խնդիր՝ մեկընդմիշտ փակել հայ-ադրբեջանական խնդիրը, Արցախի հարցը և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներին առնչվող խնդիրները:

Նաիրա Կարապետյանը համամիտ է վերոնշյալ հայտարարության հետ. «Ադրբեջանը և Թուրքիան շատ գրագետ են գործում, Հայաստանում նրանք հանդիպել են իշխանության, որն իրենց կամքը ամբողջովին կատարում է: Նրանք պետք է պահանջեն առավելագույնը: Հիշեք, Աստված մի արասցե, եթե մեզ չհաջողվի կանգնեցնել այս անիվը, որը կործանում է Հայաստանը, մենք շատ ավելի տխուր տեսարանների ականատես կլինենք: Բաքուն կպահանջի արտահանձնել, օրինակ՝ «Խոջալուի ցեղասպանություն» լեգենդը, որը հորինել են՝ իրենց ժողովրդին սպանելով, այդ լեգենդի մեղավորներին, դեռ մենք կտեսնենք Հայաստանի ղեկավարների շոու-դատը Բաքվում, դեռ բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են ազատագրական պայքարին, պետք է դատուդատաստանի առջև կանգնեն: Մենք ահավոր բանի ենք գնում, Աստված մի արասցե, իմ կանխատեսումներն իրականանան: Դրա համար առաջին հերթին պետք է կարողանանք մարդկանց գիտակցությանը հասցնել, որ այսօր պետք է ոտքի կանգնենք»:

Նա ընդգծեց, որ միակ ելքը համախմբումն է. «Համախմբումը լինելու է դժվար: Հասարակությանը չեմ մեղադրում որևէ բանում, եղան դեպքերի հաջորդականություններ, որից եղավ մեծ հիասթափություն, հիմա դրա իրավունքը չունենք: Եթե կարողանանք ճիշտ համախմբվել և մինչև վերջ տանենք մեր խոսքը: Տեսեք՝ աշխարհի խաղացողները պետք է տեսնեն հայ ժողովրդի վերաբերմունքը Արցախի խնդրին: Եթե հիշում եք, երբ Սերժ Սարգսյանի կողմից քննարկվում էին հայ-թուրքական արձանագրությունները, ամբողջ աշխարհով մեկ եղան ակցիաներ. Հիմա շատ ավելի կարևոր պահ է, այդ ակցիաները պետք է լինեն, պետք է լինեն բանակցություններ: Մենք պետք է մեր ձայնը լսելի դարձնենք և հայտարարենք, որ այո, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուղղակի չի կարող: Ժամանակը ոչ թե սուղ է, բան չի մնացել. Մենք ունենք մեկ-երկու շաբաթ գործելու համար: Մենք ասելով՝ նկատի ունեմ մարդիկ, ովքեր ուզում են ունենալ Հայաստանի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության հետ միասին, իհարկե»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս