«Ի՞նչ կապ ունի՝ Սերժի թողածը լա՞վն էր, թե՞ վատը, ինքն իր սեփական կետից է, չէ՞, սկսել». Էդուարդ Շարմազանով

«Շիզոֆրենիկ անհեթեթություններ մեկնաբանելն անշնորհակալ գործ է»,- Ստեփանակերտում 168.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե ինքն Արցախը չի հանձնում, հակառակ դեպքում կգնար Սերժ Սարգսյանի թողած բանակցությունների տրամաբանությամբ:

Ըստ նրա՝ այն, ինչ Սերժ Սարգսյանը բանակցել է, փաստաթղթավորված կա:

«Նույնիսկ ինքն է ասել: Բանակցել ենք Արցախի փաթեթային լուծում, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, միջանկյալ կարգավիճակ: Եվ ամենալավ ժառանգության մասին խոսում է Նիկոլի կառուցողական գործընկեր Ալիևը: 2016թ. հոկտեմբերի 7-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո, Նիկոլի կառուցողական ընկեր Իլհամ Ալիևն Ադրբեջանի կառավարության նիստում ասել է՝ փակ դռների հետևում Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը: Սերժի ժամանակ Ալիևն էր խոսում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունից, Նիկոլի ժամանակ նույնիսկ Նիկոլն ու նիկոլականները չեն խոսում Արցախի անկախությունից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև հիշեցրեց պատերազմից հետո Իլհամ Ալիևի խոսքը, որ Քարվաճառն ու Լաչինը մնալու էին հավերժ հայկական:

«Էն, որ ինքը երեկ ասում էր՝ 50 տարի հանրաքվե չէր լինելու… Ջհանդամին լիներ հանրաքվե: Իշխանությունը հայկակա՞ն էր, հայ մարդիկ էի՞ն ապրում, այո, իշխանությունը ճանաչվելո՞ւ էր միջազգային հանրության կողմից, այո, անվտանգության խնդիրը պահպանվելո՞ւ էր, այո, Լաչին-Քարվաճառը մեզ է՞ր մնալու, այո, Շուշին մե՞րն էր լինելու, այո… Բա ո՞ւր գնացիր պատերազմի, ո՞ւր տվեցիր այդքան զոհերը»,- վրդովվեց ՀՀԿ ԳՄ անդամը:

Վերջինս հիշեցրեց նաև Ալիևի՝ ընդամենը մեկ ամիս առաջ արած արտահայտությունը, որ 30 տարի Ադրբեջանը Հայաստանին պարտվել է բոլոր հարթակներում:

«Հիմա գանք նիկոլական փաստերին: Մարդը եկել է իշխանության, ասել է՝ ինչ Սերժի կետ, ինչ բան, ես իմ զրոյական կետից եմ սկսում: Հիմա тут причем՝ Սերժ Սարգսյանի կետը լավն է եղե՞լ, թե՞ վատը… Մի կողմ թողնենք, որ ամենալավն է եղել: Ինքը չի՞ ասել՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ… Նիկոլն է կանգնել-ասել՝ ես գերագույն գլխավոր հրամանատար եմ, չշշկռվեք իմ կարողությունների վրա… Նիկոլն է ասել՝ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն ու խնդիր լուծողն է, էդ ո՞նց եղավ, որ բանակը դարձավ թալանչի: Ես չեմ էդ գեներալներին Ազգային հերոսի կոչում տվել, գեներալ-գնդապետ ու գեներալ-լեյտենանտի կոչում տվել, ինքն է տվել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Քաղաքական գործիչը նկատում է՝ եթե այսքանը մենք պետք է հանդուրժենք, ուրեմն մեզ հասնում է այն, ինչ անում են մեզ հետ, ուրեմն մենք ոչ իրավունք ենք ունեցել 3-րդ Հանրապետություն ունենալ, ոչ էլ մեր նահատակների շիրիմներին այցելել:

«1992թ. Շուշիի օպերացիայի քարտեզի վրա Նիկոլի ստորագրությունը չէ, Սերժ Սարգսյանինն է: Նա Ալիևին ու նրա հորը համ 1990-ականներին է հաղթել, համ 2016թ.-ին: Գեներալ Խաչատուրովը մանրամասն պատմել է, որ Ադրբեջանն է ՌԴ գլխավոր շտաբի միջոցով խնդրել դադարեցնել պատերազմը, ոչ թե մենք: Սերժ Սարգսյանը Վիեննա, Սանկտ Պետերբուրգ է բերել, Սերժ Սարգսյանի բանակցած բոլոր փաստաթղթերի մեջ ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքները եղել են: Սերժ Սարգսյանը մինչ իր հրաժարականն ասել է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, միջազգային իրավունքն էլ ընդունել է ինքնորոշման իրավունքի իրացումը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս