«Թող Նիկոլը հրապարակի մեր զրույցը. ասել է՝ 5+2, Շուշիի հարց չի եղել». Էդուարդ Շարմազանով
«Բնականաբար, հրապարակման ենթակա չէ, բայց ամենալավ ճանապարհային քարտեզը հայ ժողովրդի գիտակցումն է, որ սա քաղաքական ու կուսակցական պայքար չէ, և երեկվա Արցախի Խորհրդարանի բոլոր խմբակցությունների միակամ որոշումը դրա մասին է խոսում: Նույն ՔՊ-ի մեջ էլ, եթե կան ազգային մարդիկ, պետք է փողոց դուրս գան, գնան իրենց ղեկավարին ասեն՝ սաղ ծնկիդ ես գցել, գնա»,- Արցախում գտնվող 168.am-ի նկարահանող խմբի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով իշխանափոխություն իրականացնելու ճանապարհային քարտեզի վերաբերյալ հարցին:
ՀՀԿ ԳՄ անդամը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում կատարած այն հայտարարությանը, թե պատերազմը կարող էինք կանգնեցնել, կունենայինք նույն իրավիճակը, բայց առանց զոհերի:
«Նախ նույն ձև չէր: Սեպտեմբերի 27-ին Պառլամենտում հայտարարել է, որ 5+2 տարբերակն է: Այդ տարբերակի մեջ Շուշի, Հադրութ չի մտնում, դա ասել է նաև իր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: 2020թ. նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Շուշիի հարց մինչև հոկտեմբերի 19-ը չի եղել: Հոկտեմբերի 19-ին, երբ Շուշիի հարցն առաջացել է, եղել է մի պայմանով, որ ադրբեջանցի փախստականները գալիս են, բայց Շուշին մնալու է հայկական վերահսկողության տակ: Ի՞նչ Շուշիի համար էր պատերազմ, արա»,- վրդովվեց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ հոկտեմբերի 19-ին նույն բանը Նիկոլ Փաշինյանն իր հարցին ի պատասխան է ասել:
«Թող հրապարակի ձայնագրությունը, եթե ես խաբում եմ: Եթե չէ, ուրեմն ինքն է խաբում: Ես իրեն ասել եմ՝ պարոն Փաշինյան, ի՞նչ են քեզ առաջարկում պատերազմը կանգնեցնելու համար: Ինքն ասել է՝ 5+2: Հետո ասաց՝ ես սեպտեմբերի 27-ին Խորհրդարանում ասել եմ՝ 5+2, պատասխանել եմ՝ խոսքը սեպտեմբերի 27-ի մասին չէ, 27-ից մինչ օրս այլ առաջարկ եղե՞լ է, ասել է՝ ոչ: Ես ճշգրտել եմ՝ Շուշիի, Հադրութի թեմա չի եղել, ի՞նչ Շուշի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում