Ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դուրս հայաթափվի՞. Վիգեն Խաչատրյան

Այսօր լրագրողներն իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին հիշեցրին՝ 1991 թ. Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա հետաքրքրվեցին՝ հիմա հե՞տ եք կանգնում այդ որոշումից, վերախմբագրելո՞ւ եք:

Նախկին կոմունիստ, 1990 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-99 թթ. ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված ՀՀ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ, իսկ այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, պարզվեց՝ արդեն այլ պատկերացումներ ունի լրագրողների հնչեցրած հարցի շուրջ:

«Ոչ: Մենք անելու ենք ամեն ինչ, որ Արցախը երբևէ չհայաթափվի, և կանխելու ենք այն արկածախնդիրներին…»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Հարցադրումին՝ այսինքն Ադրբեջանի կազմում չի՞ հայաթափվի, նա պատասխանեց. «Ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դուրս հայաթափվի՞»:

Հստակեցմանը, թե դուք՝ որպես պետություն, չե՞ք կարողանում անվտանգության հարցը լուծել, ուզում եք պարզապես ձեռքերը լվանա՞լ Արցախից՝ Վիգեն Խաչատրյանը հակադարձեց վստահեցմամբ՝ իրենք ուզում ենք Արցախը պաշտպանել նաև նրանցից, ովքեր պատրաստ են Արցախից ազատվել, միայն թե Հայաստանում իշխանություն զավթել:

«91 թվականի ու այսօրվա իրավիճակն այնքան տարբեր է: Հիշեք՝ 91թ.-ի ՌԴ-ն ինչ պետություն էր, 91 թ.-ի Ադրբեջանն ինչ վիճակում էր, մտաբերեք՝ մենք ինչ վիճակում էինք, և հասկացեք, որ երբ 30 տարի անցնում է, չի կարելի համառորեն պնդել մի բան, որը տանում է կործանման:

Մեր գերնպատակն է, որպեսզի Արցախի ժողովուրդն իր պատմական հայրենիքում ապրելու հեռանկարներ ունենա: Դուք ասում եք, որ փաստորեն չեք երաշխավորում Արցախի ապագան: Ես ձեզ ասում եմ, որ մենք կարող ենք երաշխավորել, եթե ունենանք գործընկերներ. մենակ չենք կարող, մեր ուժը չի հերիքելու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Դե հիմա, թե ինչի չունենք, հարցի մյուս կողմն է: Հետևաբար, մեզ պետք է աջակցություն՝ քաղաքական, նյութական: Այն ուժերը, որոնք կարող են մեզ աջակցել, մեր առաջ խնդիր են դնում, որ մենք չենք ստիպելու Ադրբեջանին, չենք ռմբակոծելու Բաքուն. պիտի գտնեք փոխընդունելի լուծումներ:

Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել, եթե լինեն երաշխիքներ: Երբ որ այդ երաշխիքները կլինեն, որոնք այսօր չեն քննարկվել, ու մենք կասենք՝ բավարար չի, կխոսենք ձեզ հետ: Եթե այդ երաշխիքները կլինեն, և Ադրբեջանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը կընդունեն, որ այդ պայմաններն ապահովում են իրենց հարաբերությունները՝ այդ թվում Հայաստանի հետ անմիջական կապով, կքննարկենք. ինչի՞ եք առաջ ընկել:

Այսօր իշխանությունը տանում է մի քաղաքականություն. ոչինչ չի թաքցնում ժողովրդից, ասում է այն, ինչ բանակցում է, որովհետև մեզ խաբել են 20 տարի»,- ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս