Նիկոլ Փաշինյանը փորձում է Լևոն Տեր Պետրոսյանին և իր թիմին Արցախը հանձնելու գործում դարձնել իրեն դաշնակից. Արմեն Աշոտյան
«Նիկոլը, երեկ և այսօր, փրփուրը բերանին, մաղձով և թարախով խոսում էր այն ամենի մասին, ինչի վրա խարսխված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ժամանակակից հայի ինքնությունը, մեր արժանապատվությունն ու հավատը: Խոսում էր Արցախյան խնդրի, Արցախյան պայքարի մասին՝ Արցախից հրաժարվելու, Արցախից ձեռքերը լվանալու, Արցախը հանձնելու տրամաբանության մեջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներին՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այս համատեքստում նա կարևորեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից հանրայնացված փաստաթուղթը՝ հիշեցնելով, որ այն Ապրիլյան պատերազմից հետո է ներկայացվել:
«Փաստաթղթում սևով սպիտակի վրա կես էջում մի երեք անգամ գրված է այն, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ստել է: Մի երեք անգամ ապացուցվում է այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կախվում է թուրքերի համապատասխան տեղերից, իսկ Հայաստանում՝ կախվում է բացառապես փրփուրներից:
Այդ փաստաթուղթը, որ հրապարակվել է նախագահի գրասենյակի կողմից, ապացուցում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը բանակցել է, և Նիկոլն իրենից ժառանգել է բանակցային մի տրամաբանություն, մի փաստաթուղթ, մի մոտեցում, ըստ որի՝ բանակցություններն ամբողջությամբ փաթեթային են»,- մանրամասնեց ՀՀԿ փոխնախագահը:
Արմեն Աշոտյանը վստահեցրեց՝ փաստաթղթին ծանոթանալու դեպքում պարզ կդառնա, որ Սերժ Սարգսյանը բանակցել է և թողել է «այս արարածին» փաթեթային լուծման տարբերակ, որը և որդեգրվել է ՄԽ համանախագահների կողմից:
«Ի դեպ, այսօր հրապարակվել է փաստաթղթերից մեկի մի հատվածը, որը չափալախ է Նիկոլին: Դուք պատկերացրեք, եթե կենսական անհրաժեշտությունից ելնելով (ինչի մասին Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում ակնարկել է)՝ հանկարծ հրապարակվեն մի շարք այլ փաստաթղթեր ևս,- ասաց նա՝ պարզաբանելով, թե որոնք են «փուլային» և «փաթեթային» լուծումների բովանդակային տարբերությունները,- Այսինքն՝ փուլային տարբերակն այն էր, երբ դու քայլ առ քայլ գնում ես ինչ-որ ճանապարհով՝ չիմանալով, թե հաջորդ քայլը որն է:
Փաթեթայինն այն է, երբ ամբողջ արահետը, ճանապարհը, ուղին մատնանշված է և գծագրված: Կենցաղային մակարդակով, նորից կրկնեմ, փաթեթը քայլ է, որից հետո դու գիտես, թե ինչ քայլեր ես անելու, որոնք համաձայնեցված են, փուլը քայլ է, որից հետո չգիտես՝ որտեղ ես ընկնելու՝ կղանքի՞ մեջ, ճահճի՞ մեջ, մութ անտառի՞ մեջ, թե՞ չգիտենք՝ որտեղ:
Հետևաբար, այն, որ Նիկոլը ստում էր, հերթական անգամ այսօր նախագահ Սարգսյանը ճպցրեց նրա ճակատին»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է հատկապես այս պահին Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել 1997-98 թթ.-ի մասին՝ ՀՀԿ փոխնախագահը նկատեց.
«Նիկոլի կռուտիտը և մուտիտը շատ պարզ է. Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ձեռք բերել նոր ազդեցիկ դաշնակիցներ: Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ. բոլորս գիտենք, որ Նիկոլը օգտագործում է բոլորին՝ իր ուսապարկերին, իրեն սպասարկելու պատրաստ տարբեր գործիչների, տարբեր կուսակցությունների: Բոլոր նրանք, որոնք մի կտոր հացի համար պատրաստ են ծախել հայրենիքը, որոնք չունեն արժանապատվություն և պատրաստ են Նիկոլի թրքահոտ ոտները լավանալ և ջուրը խմել, այս ընթացքում իր կողքին հայտնվել են: Անուններ չտամ՝ հատուկ հանձնարարություններով ոտլվացողներից սկսած՝ վերջացրած ուրիշ մարդկանցով, որոնք այս ընթացքում ծառայում էին Նիկոլին: Նրանք փոքր են. ոչինչ են, քաղաքական իմաստով՝ այս տեղեկատվական աղմուկի մեջ մի լրացուցիչ աղմուկ առաջացնող գործիքներ են, և Նիկոլը կարիք ունի ավելի լուրջ դաշնակիցների: Ահա այստեղ է թաքնված շան գլուխը, որովհետև Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է 1997-98 թթ. իշխանափոխության մասին, իսկ հիշեցնեմ, որ այն տեղի է ունեցել Արցախյան օրակարգով (երբ Առաջին նախագահի և ՀՀ ու Արցախի քաղաքական վերնախավի մոտեցումներն Առաջին նախագահի ներկայացրած ծրագրի վերաբերյալ չեն համընկել, Առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, տվել էր հրաժարական):
Ահա, Նիկոլ Փաշինյանը երեկվա և այսօրվա ռևերանսներով, համապատասխան տեղեր մտնելու ցանկությամբ՝ փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանին և իր թիմին Արցախը հանձնելու գործում դարձնել իր դաշնակից: Շատ պրիմիտիվ, գեղցի շուստրիության քայլ է. ուրիշ բան Նիկոլից ակնկալել չի կարելի, և ես ավելի քան վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, իրեն բնորոշ իմաստնությամբ և հեռատեսությամբ, թույլ չի տա, որ իր անունը, իր թիմի անունը շաղախվի Արցախը հանձնելու պատրաստ կեղտոտ գործարքը անող մարդկանց եփած բորշի հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում