Ժողովուրդն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերը. Փաշինյան
«Տարբեր համայնքներում քաղաքացիները մեզ մի հարց են տալիս, որը միշտ կրկնվում է, խոսքը վերաբերում է պետությունից թալանած գումարների վերադարձին, և քաղաքացիները անընդհատ հնչեցնում են, որ իրենք դժգոհ են թալանի վերադարձի տեմպերից»,- այսօր խորհրդարանում հայտարարեց իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը: Ապա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման տեմպերի և որակի մասին:
«Ես խոսեցի 30 տարի ինստիտուտների բացակայության մասին, և այստեղ էլ կարևոր է, որ մենք առաջնորդվենք ոչ թե հեղափոխական, այլ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ, և սա է պատճառը, որ մենք հակակոռուպցիոն կոմիտե ենք ստեղծում, հակակոռուպցիոն վճռաբեկ դատարան ենք ստեղծում, դատական համակարգում որոշակի բարեփոխումներ ենք անում, ապօրինի գույքի բռնագանձման հայցերն արդեն սկսել են մտնել դատարան: Իհարկե, մեր ընդդիմությունը, որն այդ թեմայի հիմնական շահառուն է, փորձում է այդ ընթացակարգերը ՍԴ-ում վիճարկել, բայց մենք պետք է ինստիտուցիոնալ գնանք: Մեզ համար ավելի կարևոր է մեխանիզմներ ստեղծել, որ այսօրվա իշխանությունը չթալանի, որովհետև նախ՝ սա է կարևոր, որովհետև մեկ է՝ ոչ մի տեղ չեն փախնի: Երկրորդ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել՝ ընդամենը նախորդ ամիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե է վճարվել 15 մլրդ դրամ: Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատեր է, ժողովուրդը, բոլորը, բա դա թալանածի վերադարձ չէ՞: Դա էլ է թալանածի վերադարձ: Այսինքն՝ մենք պետք է ինստիտուտներ ստեղծենք, ոչ թե ասենք՝ էս մեկից էս վերցնենք, էն մեկից՝ էն»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականով կամ քաղաքական մեծամասնության կամքով չէ, որ պետք է «թալանը վերադարձվի», այլ ինստիտուտները պետք է աշխատեն. «Մենք 2020-21թթ., իմիջիայլոց, դա է, ժողովուրդ, մեր երեսը պարզ արել, որ էլի ընտրություն ենք հաղթել. Այդ ճգնաժամային տարում մենք բարեփոխումներ ենք արել՝ շրջադարձային նշանակության: Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Պետություն-ինստիտուտ-օրենք-օրինական հարաբերություն. ոչ մի էմոցիա: Պետք էր, ասեցինք՝ պողպատե մանդատ, մուրճ, բան, այդ ամենն էլ գործնականում ցույց տվինք: Ես Կապանում ժողովրդին ի՞նչ խոստացա, ասացի, որ Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր բաժինն ունենալու է, մի քանի ամիս անց՝ ունեցավ: Ասացի, որ այն մարդիկ, ովքեր ընտրողների կամքի վրա ճնշում են գործադրել ԶՊՄԿ աշխատողների, բոլորը ազատվելու են աշխատանքից՝ բոլորը ազատվեցին»:
Փաշինյանին թիմակիցները հուշեցին՝ ոչ բոլորն են ազատվել աշխատանքից:
«Ոչ բոլորն են ազատվե՞լ, էլի հետ են ընդունել գործի՞, ոչինչ, էդ էլ կհանենք»,- արձագանքեց Փաշինյանը:
Ընդդիմադիրների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հետևյալն ասաց. «Մեր ընկերները գալիս ասում են՝ մեր հայրենիքը ծախեցիք, մեր հայրենիքը տվիք, ես ասում եմ՝ շատ լավ, եկեք՝ մի պարզ բանի մասին խոսենք, եթե Կովսականը կամ Զանգելանը մեր հայրենիքն էր, ինչո՞ւ եք 30 տարի այդ հայրենիքը վերադարձնելու շուրջ բանակցել, ինչո՞ւ: Ո՞նց է լինում, որ հայրենիքը վերադարձնելու շուրջ են բանակցել: Երկրորդ՝ ուզում եմ մի հոգեբանական նրբության մասին խոսել՝ երբ երկար ժամանակ Հայաստանում ղեկավարել են ծագումով ղարաբաղցի գործիչներ, ես վարչապետ դառնալուց հետո շատ կարևոր եմ համարել իմ դիրքորոշումները մի հատ հասկանալ՝ Ղարաբաղում ինչ են մտածում, որովհետև, ի վերջո, Ղարաբաղի հարցը Ղարաբաղի հարցն է: Եվ այն, ինչ ասվել է, դիրքորոշումները եղել են նույնական: Քանի անգամ Արցախի բանի հետ խոսել եմ, անվտանգության խորհուրդների համատեղ նիստ ենք արել, ասել եմ՝ սենց եմ պատկերացնում, համաձա՞յն եք. համաձայն ենք, համաձայն ենք, ու այսօր ոչինչ չեն ասում դրա մասին, և երևի չեն էլ ասի»: