«Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի, որ Արցախը լինի անկախ, կամ միանա ՀՀ-ին, ինչո՞ւ». Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրեց. «Եթե Դուք ձեր մեջ ուժ գտնեիք և որոշում ընդունեիք անկեղծ խոսել ժողովրդի հետ՝ գաղտնազերծելով բանակցային գործընթացի որոշ մանրամասներ և հանձնեիք այդ 7 շրջանները՝ առանց պատերազմի, առանց կրակոցի, այդ դեպքում ըստ ձեզ՝ Հայաստանը ո՞ր ուղիով կընթանար, ի՞նչ հնարավոր սցենար եք պատկերացնում այդ դեպքում, նաև հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի դեպքերը: Նշեցիք, որ միջազգային հանրությունը մեզանից ակնկալում է, որ մենք իջեցնենք Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր պատկերացումների նշաձողը, քանի որ մեր բոլոր միջազգային գործընկերներն ըստ էության ընդունում և ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն, հղում են անում նաև գործընկերային հարաբերություններին՝ շեշտելով, որ իրենք ոչ թե չեն ցանկանում եմ օգնել, այլ չեն կարող մեզ օգնել, սրանով ևս մեկ անգամ փաստելով, որ փաստորեն մենք բանակցային գործընթացի առաջին օրվանից ի վեր, այս 30 տարիների ընթացքում, այնուամենայնիվ, չենք կարողացել Արցախի կարգավիճակի լուծման մասին մեր ընկալումները և նրանց ընկալումները բերել ընդհանուր հայտարարի»:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ միջազգային գործընկերները նախապատվությունը տալիս են տարածքային ամբողջականությանը, եթե այն հավասարազոր է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հետևյալն ասաց. «Խնդիրն այն չէ, որ ես կամք չեմ ցուցաբերել և մարդկանց հետ չեմ խոսել, խնդիրն այն է եղել, որ պետք է խոսեի՝ մարդկանց համոզելու համար, երկրորդ տարբերակը կա, որ պետք է խոսեի, այդ թղթերը հանեի՝ ցույց տայի, ասեի՝ դե, էս է, ժողովուրդ ջան, հիմա պետք է գնամ՝ ստորագրեմ, որովհետև ուրիշ տարբերակ չկա:

Բայց ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, ինչո՞ւ, որովհետև արդեն ասացի՝ ես ո՞նց կանգնեմ ժողովրդի առաջ և ասեմ, որ մենք մեր այս 30 տարվա բոլոր զրկանքները անիմաստ են, ժողովուրդ ջան, ո՞ւմ լեզուն կպպտվի՝ նման բան ասի: Դա քաղաքական կամքի հարց չի:

Այսօր ես քաղաքական կամք եմ ցուցաբերում, որ այս պետք է ասեմ և ես ասում եմ: Բայց էն ժամանակ, ընտրությունը դրա մեջ չէր, որ ես պետք է մարդկանց ինչ-որ բանում համոզեմ, բայց ես նախ ինքս ինձ ինչ-որ բանում պետք է համոզեմ: Եվ այդ նշաձողի հետ կապված ուզում եմ մի դրվագ պատմել:

Երբ սկսել եմ ներգրավվել բանակցությունների մեջ, իմ հիմնական հարցը եղել է հետևյալը և ես փորձել եմ համանախագահների հետ կիսել, ասել եմ՝ լավ, ի վերջո, եկեք՝ ասեք՝ էս բանակցային տրամաբանությամբ Արցախը կարո՞ղ է լինել անկախ կամ Հայաստանի կազմում: Էդ մարդիկ տվել են շատ տպավորիչ պատասխան, ասել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնի: Սա է եղել այդ պահին բանակցությունների սեղանին դրված բովանդակությունը: Իսկ ինչի՞ պետք է Ադրբեջանը համաձայնի, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: 2018թ. դրությամբ չկար որևէ պատճառ, որը պետք է ստիպեր Ադրբեջանին, որ նա համաձայներ դրան»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018թ. դրությամբ առկա բանակցային պրոցեսով՝ Հայաստանն ու Ադրբեջանն էլ, մեծ հաշվով, կորցնում էին իրենց վերահսկողությունը Ղարաբաղի կարգավիճակի որոշման վրա.

«Բայց ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ուներ ՄԱԿ-ի 93 թվականի անվտանգության խորհրդի 3 բանաձև: Բանակցային պրոցեսի ամբողջ ընթացքում Ադրբեջանի երազանքն է եղել հարցը տեղափոխել ՄԱԿ-ի հարթակ:

Եվ 2016թ. դա իրողություն է դարձել: Այսինքն՝ իրողություն չի դարձել, բայց բանակցային այդ բովանդակությունն է ձևավորվել»:

Տեսանյութեր

Լրահոս