Բաժիններ՝

Ոսկյա և արծաթյա զարդեր գողացողը կալանավորվել է

Մարտի 25-ին Երևանի Բակունցի փողոցի մի բնակարանից գողություն էին արել: Տանը մարդ չէր եղել: Բնակարանն առաջին հարկում է, պատուհաններն էլ՝ առանց ճաղավանդակի, ինչից էլ, ամենայն հավանականությամբ, հանցամիտն օգտվել էր: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր պատուհանը, մտել բնակարան ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
Բնակարանային գողության մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից՝ ժամը 20.30-ի սահմաններում: Երեկոյան տուն վերադարձած տանտիրուհին տեսնելով կատարվածը՝ 1-02 էր զանգել:

Դեպքի վայրի զննությունից հետո Նոր Նորքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, ձեռք բերած տեղեկությունների ստուգմանը։

Հետևողական աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից օրեր անց՝ բացառապես օպերատիվ ճանապարհով: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը կատարել էր Նոր Խարբերդի 52-ամյա մի բնակիչ: Ապրիլի 4-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
52-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս