Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվն ավելանում է: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ օրինագծին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ կոնգրեսականներ Բարբարա Լին, Ջեյմս ՄաքԳովերնը, Ջեքի Սփեյերը, Ջիմի Գոմեսը:

Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծը Կոնգրեսում ներկայացրել են ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը: Օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։

Տեսանյութեր

Լրահոս