«Ժողովրդական խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է»․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր 3 տարի առաջ արված լուսանկար, որում ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն այրում է Թուրքիայի դրոշը։ Նա լուսանկարին կից գրել է․

«Ե՞վ, ի՞նչ տվեց դա մեզ։ 2019-ին Թուրքիայի դրոշն այրելով կանխվե՞ց 2020-ին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը, թե՞ պատերազմի ժամանակ Թուրքիան չաջակցեց Ադրբեջանին։ Ոչ մեկը, և ոչ էլ մյուսը։ Փաստացի այրված դրոշները ոչ բանակցային հարցերում և ոչ էլ պատերազմական իրավիճակում և ոչ մի օգուտ չեն տվել։ Դրոշ այրելը շարքային պոպուլիզմ է, իսկ այրողը զբաղված է ընդամենը փարիսեցիությամբ։

Արմատական ընդդիմության ներկայացուցիչները հիմա էլ Արցախի դրոշը հանրապետության տարբեր անկյուններում տեղադրելով են փորձում համոզել հանրությանը, թե հայրենիք են փրկում։

Տեղադրեք, մեկի փոխարեն՝ 10 հատ, 20 հատ, 300 հատ, 5000 հատ տեղադրեք, բայց ի՞նչ է փոխելու դա, էական և ոչ մի բան։ Դրոշն ընդամենը խորհրդանիշ է, իսկ Արցախն ընդամենը սիրել է պետք ու արցախահայության իրավունքները պաշտպանել է պետք։ Տնկած դրոշները ոչ մեր սպառազինությունն են ավելացնելու, ոչ էլ բանակցային գործընթացում որևէ բանով օգտակար են լինելու։ 20 տարի դրոշ վառելով՝ հայրենիք փրկեցին, հիմա էլ դրոշ տնկելով են փրկում»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում Տարոն Չախոյանի գրառումը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Փողով ստատուս գրողներին ժամանակ չունեմ պատասխանելու։ Ժողովրդական խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է։ Ժամերով կարող եմ դասախոսություն կարդալ այդ տղայի համար, բայց կարծում եմ՝ դժվար կլինի նրան ընկալել․․․»։

Հարցին՝ այնուամենայնիվ ի՞նչ խնդիր է լուծում Արցախի Հանրապետության դրոշը տարբեր մարզերում, մեծ քաղաքներում տեղադրելը, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ժողովուրդն այդ կերպ իրենց զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը։

Արդյոք հանրությունն առաջիկայում նոր հանրահավաքի կամ պայքարի այլ ձևերի ականատես կլինի՞, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․

«Առաջիկայում զանգվածային մեծ գործողությունը «Ջահերով երթն» է, որը խիստ կարևոր է, որպեսզի իշխանություների այն թեզը, թե հայ ժողովուրդը լիաթոք համաձայն է Թուրքիայի հետ հարաբերությունները նման ձևաչափով բարելավելու իրենց վարած քաղաքականությանը, հայ ժողովուրդը դրան ասում է՝ ոչ»։

Ի դեպ հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին և այդպես յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 23-ի երեկոյան երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հուշահամալիրի անմար կրակի մոտ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տեսանյութեր

Լրահոս