
Ռուբեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, քրեական գործը՝ անբովանդակ. փաստաբան

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետին ծանր վիրավորանք հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, քանի որ հարուցված քրեական գործը և բովանդակային առումով, և ընդհանրապես՝ շինծու է և ընդամենն ուղղված է Ռուբեն Հակոբյանի քաղաքական գործունեության դեմ։
Փաստաբանը տեղեկացրեց, որ արձանագրել են, որ մեղադրանքի էությունը պարզ չէ, որովհետև առհասարակ պարզ չէ, թե ով է այդ անձը, ինչպես է քրեական հետապնդում իրականացնող մարմինն անձի փոխարեն որոշել, որ վիրավորանքն ուղղված է այդ անձին և ինչպես են որոշել՝ դա ծանր վիրավորանք է, թե ոչ։
«Այսօր ունենք մի իրավիճակ, որ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ պարոն Հակոբյանի կողմից ծանր վիրավորանք հասցնելու կապակցությամբ , քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե ։ Մեղադրանքը շինծու է , քրեական գործն անբովանդակ է , սա հերթական քաղաքական հետապնդումն է ՝ հերթական քաղաքական գործչի նկատմամբ այս հոդվածի շրջանակներում»,-ասաց փաստաբանը։