Թուրքիայի քաղաքացիների 56.5 տոկոսն առաջիկա ընտրություններում ձայն չի տա Էրդողանին․ հարցում
«Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դերյա Քյոմյուրջյուն թուրքական ընդդիմադիր «Halk TV»-ի եթերում հրապարակել է Թուրքիայում քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցման մասնակիցներին տրվել է «Առաջիկա նախագահական ընտրություններում ձայն կտա՞ք Էրդողանին, եթե նա առաջադրվի» հարցը։ Հարցվածների 56․5 տոկոսը տվել է «երբեք ձայն չեմ տա», 31․3 տոկոսը՝ «միանշանակ ձայն չեմ տա», 10․5 տոկոսը՝ «դեռ չեմ կողմնորոշվել», իսկ 1․7 տոկոսը՝ «ձայն չեմ տա» պատասխանները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ այս կիրակի նախագահական ընտրությունների անցկացման դեպքում թուրքական քաղաքական կուսակցությունները կգրանցեն հետևյալ արդյունքները․
իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)՝ 25.4 տոկոս,
ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)՝ 23 տոկոս,
քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)՝ 8.2 տոկոս,
ծայրահեղ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)՝ 5․7 տոկոս, ազգայնական «Լավ» կուսակցություն՝ 11․1 տոկոս։
Հարցին, թե «եթե նախագահական ընտրությունների 2-րդ տուրում պայքարը շարունակվի Էրդողանի և ընդդիմության թեկնածուի միջև ու՞մ ձայն կտաք», մասնակիցների 51.3 տոկոսը նշել է՝ ընդդիմադիր թեկնածուին, իսկ 32.8 տոկոսը՝ Էրդողանին։