Երևանը չի՞ դիմել ՆԱՏՕ-ին. պարզաբանում է ՀՀ ԱԳՆ-ն
Օրերս ռուսալեզու տելեգրամային տիրույթում ուշագրավ մի հրապարակում տարածվեց այն մասին, որ Երևանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ: «Երևանը Մոսկվային թիկունքից հերթական հարվածն է հասցրել»,- գրել էր 260.000-ից ավելի բաժանորդ ունեցող «Кремлёвский мамковед» տելեգրամյան ալիքը` վերլուծելով վերջին շրջանում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում առկա ակտիվությունը։
Նշվում էր, որ Ղարաբաղում հերթական սրացման ֆոնին Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ, մարտի 29-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին ՀՀ մասնակցության շրջանակում ՀՀ Արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը աջակցության խնդրանքով դիմել է Բրյուսելին։
«Համաձայն այս ծրագրի՝ տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ անվտանգության ուղղակի սպառնալիքի դեպքում դրա մասնակիցները կարող են խորհրդակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Սակայն Հայաստանի դեպքում իրավիճակը շատ սիմպտոմատիկ է թվում, քանի որ Արևմուտքի ռազմաքաղաքական բլոկին աջակցության խնդրանքով դիմում է ոչ այլ ոք, քան ՀԱՊԿ անդամը։ Բացի այդ, Հայաստանին Մոսկվայում դիտարկում են՝ որպես ռազմավարական դաշնակից, իսկ ինքը՝ Երևանը, Պուտինի հետ զրույցներում ամեն կերպ ընդգծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը գործընկերներ ու դաշնակիցներ են։ Փաստորեն, Երևանը Մոսկվային թիկունքից հերթական հարվածը հասցրեց։ Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների ինտենսիվությունը փաստացի հասել է սառը պատերազմի մակարդակին»,- գրել էր «Кремлёвский мамковед» տելեգրամյան ալիքը։
Այս տեղեկությունը պարզելու նպատակով մարտի 4-ին 168.am-ը հետևյալ հարցերն էր ուղղել ՀՀ ԱԳՆ-ին՝
1. Ռուսալեզու տելեգրամյան ալիքներում տեղեկություն է տարածվել, թե Հայաստանը խորհրդակցություններ է սկսել ՆԱՏՕ-ի հետ, մարտի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դիմել է Բրյուսելին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին ՀՀ մասնակցության շրջանակում աջակցության խնդրանքով: Խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն որևէ հարցով դիմե՞լ է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Եթե, այո, ապա ի՞նչ հարցով:
2. Արդյոք կա՞ն խորհրդակցություններ ներկայումս Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև: Ի՞նչ հարցերի շուրջ են խորհրդակցությունները:
3. Ի՞նչ աջակցություն է ՀՀ-ն ակնկալում ՆԱՏՕ-ից, մասնավորապես՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:
168.am-ի հարցմանը ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից այսօր պատասխանել են.
«Ի պատասխան Ձեր հարցման (ԱԳՆ մուտքագրվել է 04.04.2022թ․)՝ հայտնում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի դիմել ՆԱՏՕ-ին՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում և որևէ այլ ձևաչափով աջակցության խնդրանքով»:
ՀՀ ԱԳՆ-ից նաև հավելել են, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունն իրականացվում է նախկինում ընդունված փաստաթղթերով սահմանված ոլորտներում:
ՀՀ ԱԳՆ-ն մասնավորապես չի պատասխանել այն հարցին, թե կա՞ն արդյոք խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի և Երևանի միջև, որի վերաբերյալ 168.am-ն առանձին հարց էր ուղղել:
Չնայած ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Երևանի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված դիմումի փաստը, այնուամենայնիվ վերլուծաբանները ՀՀ-ՆԱՏՕ շփումներում դինամիկայի փոփոխություն են արձանագրում Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին ՌԴ-ՆԱՏՕ գերլարված հարաբերությունների պայմաններում:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 17-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ, հանդիպման օրակարգում եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանն Արարատ Միրզոյանը ներկայացրել էր Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։
Ըստ նույն պաշտոնական հաղորդագրության` Միրզոյանը Հյուսիսատլանտյան խորհրդում նաև ելույթ էր ունեցել: