Բաժիններ՝

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության․ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 7-ին ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

«Սիրելի՛ կանայք, այսօր` ապրիլի 7-ը, մեր օրացույցում առանձնանում է որպես Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հերո՛ս հայուհիներ։

Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք, դուք լավագույնին եք արժանի։

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ` ձեր մեծ հոգու և վաստակի չափով: Թող խաղաղությունն ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս