Նախապատրաստել խաղաղության պայմանագիր ու մինչև ապրիլի վերջ հրավիրել սահմանազատման հանձնաժողով. Միշելի հայտարարությունը եռակողմ հանդիպումից հետո

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր միջնորդությամբ նախօրեին  կայացած երկրորդ ուղիղ Փաշինյան-Ալիև հանդիպումն իր թվիթերյան միկրոբլոգի էջում արդյունավետ է որակել: Նա նշել է, որ ունեցել են արդյունավետ երեկո կոնկրետ ու շոշափելի արդյունքներով: «Ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա աշխատելու պարտավորություն, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները»,-գրել է Շառլ Միշելը ավելի քան 4 ժամ տևած եռակողմ հանդիպման վերաբերյալ:

Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ բանակցությունների արդյունքներով պաշտոնական հաղորդագրություն է տարածել:

Նախագահ Միշելը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցութունը խորացնելու, լարվածությունը հաղթահարելու ուղղությամբ սերտորեն աշխատելու և կայուն, ապահով, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկաս ստեղծելու ԵՄ հանձնառությունն՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց:

«Ղեկավարներն ամփոփեցին զարգացումները 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից հետո և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ  միասին իրենց տեսակոնֆերանսից հետո: Նրանք վերանայեցին պարտավորությունների իրականացման առաջընթացը: Նրանք քննարկեցին վերջերս հաղորդված  լարվածությունը և վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունեցին 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնեցին այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու համար համապատասխան հետևողականություն առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,-ասված է Միշելի պաշտոնական անդրադարձում:

Հաղորդագրության համաձայն, նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահությունն և խաղաղ գոյակցությունը խթանելու համար, նա ընդգծել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտության մասին, ներառյալ մնացյալ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, հայտարարելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: «ԵՄ-ն նույնպես կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական ​​խորհրդատվություն տրամադրել և ավելացնելով ֆինանսական օգնությունը, ինչպես նաև օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնմանը և վերակառուցմանը»,-նշված է հայտարարությունում:

Եռակողմ հանդիպման հրապարակային առանցքային նորությունը վերաբերում է կողմերի միջև Խաղաղության համաձայնագրին, որի վերաբերյալ Շառլ Միշելը նշում է. «Նախագահ Միշելը նշել է ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի ցանկությունը՝ արագորեն շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա՝ քննարկելով բոլոր անհրաժեշտ հարցերը։

Երկկողմանի սահմանազատումը և սահմանագծումը  կարևոր նշանակություն կունենա: Այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ հրավիրել սահմանային համատեղ հանձնաժողով։ Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու է.

  1. սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի սահմանը,
  2. ապահովել կայուն անվտանգային իրադրություն սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Նախագահ Միշելը նաև շեշտել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն»,-ասված է Միշելի հայտարարությունում: Հաղորդագրության համաձայն, կողմերը  քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Հարավային Կովկասում ավելի լայն առումով հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը:  «Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնել արդյունավետ լուծումներ ավտոմոբիլային կապերի վերականգնման համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել  հաղորդակցական կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը՝ ընդհանուր նախագծերը բացահայտելու համար:

Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված»,-նշված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հաղորդագրությունում: Մեր կողմից ընդգծենք, որ եվրոպական կողմի տարածած հաղորդագրությունում որևէ խոսք չկա հետագա բանակցային ձևաչափի, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի և ամենակարևորը՝ Արցախի կարգավիճակի մասին: Հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ կառավարությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս