
Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման զգալի ներուժ ունեն. Դեսպան Բոլատ Իմանբաև

Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն, Եվրասիական տնտեսական միության նոր մարտահրավերներին և հեռանկարներին նվիրված կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, որը լրանում է այս տարի:
«Այն, ինչ սկսվեց արարողակարգային, դիվանագիտական գործողությունից՝ բանավոր նոտաների փոխանակությունից, այժմ վերածվել է բազմակողմանի, կենդանի, աշխույժ և ինտենսիվ հարաբերությունների և փոխգործակցության: Համոզված եմ, որ բարեկամական և փոխշահավետ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն խորանալ ի շահս մեր ժողովուրդների, մեր պետությունների և ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության», – հայտարարեց Ղազախստանի դեսպանը:
Բոլատ Իմանբաևի խոսքով՝ հայ-ղազախական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխըմբռնման ավանդույթների վրա, իսկ երկու պետությունների միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս կարգավորելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով:
«Ընդ որում, ղազախա-հայկական հարաբերությունները հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն տարածությունում», – հավելեց դեսպան Իմանբաևը: