
Մահացել է գեղանկարիչ Համբարձում Սահակյանը

Մահացել է գեղանկարիչ Համբարձում Սահակյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունն ու ցավակցում Համբարձում Սահակյանի ընտանիքին և հարազատներին:
Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 6-ին:
Համբարձում Սահակյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 8-ին Երևանում: Նա 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Սահակյանի ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Տագանրոգի, Դոնեցկի թանգարաններում:
Սահակյանի գրաֆիկական, ջրաներկ ու յուղաներկ գործերի հիմնական թեման ժամանակակից իրականությունն է։ Հայտնի են հեղինակի «Հարավսլավական մոտիվներ» նկարաշարը, «Բանֆակ»-ը, որը 1977-ին ՀԽՍՀ մշակույթի նախարարության մրցանակի է արժանացել, «Ամրոցներ Կալեմեգդանում», «Ինքնադիմանկար» կտավները, նատյուրմորտների, գրաֆիկական շարքերը, «Հրապուրիչ կին» գորժը:
Գեղանկարիչն անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երևանում և Մոսկվայում: