
Ուկրաինայում հակամարտությունը շուտ չի ավարտվի, կտևի տարիներ. ԱՄՆ ԶՈՒ գեներալ

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը զգուշացրել է, որ ժամանակակից աշխարհում մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի հավանականությունը մեծանում է, ոչ թե նվազում, գրում է golosameriki.com-ը։
«Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա ամենալուրջ սպառնալիքն է Եվրոպայի և, հնարավոր է, աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանն ԱՄՆ բանակում իմ 42-ամյա կարիերայի ընթացքում», – ասել է գեներալ Մարկ Միլին Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովին:
«Միացյալ Նահանգները գտնվում է կրիտիկական և պատմական, աշխարհառազմավարական շրջադարձային կետում: Մենք հայտնվել ենք մի աշխարհում, որն ավելի անկայուն է դառնում, և մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի ներուժը մեծանում է, այլ ոչ թե նվազում», – շարունակել է գեներալ Միլին:
Միլին զգուշացրել է, որ սխալ կլինի ակնկալել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտափույթ ավարտ կունենա։
«Ես կարծում եմ, որ սա ձգձգվող հակամարտություն է, որը չափվելու է տարիներով։ Չգիտեմ՝ կարելի՞ է խոսել մեկ տասնամյակի մասին, բայց մի քանի տարվա մասին կարելի է խոսել, դա հաստատ է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան և բոլոր դաշնակիցներն ու գործընկերները երկար ժամանակ ներքաշված կլինեն դրանում»,- ասել է նա։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը խոսել է Միլիի հետ լսումների ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես անվանել է «սուր սպառնալիք» Միացյալ Նահանգների համար։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ըստ Միլիի, Չինաստանը երկարաժամկետ հեռանկարում մնում է ԱՄՆ-ի գլխավոր «աշխարհառազմավարական մարտահրավերը»։