A3 ֆորմատի թուղթը վերցրել, կիսել, A4 ֆորմատի են սարքել. պատճենահանման կետերում թղթի դեֆիցիտ է
Մարտի 24-ից Հայաստանում A4 ֆորմատի թղթի պակասի պատճառով պատճենահանման կետերում թղթի մեկ էջի պատճենումն արժե 20 դրամ՝ նախկին 10 դրամի փոխարեն, իսկ եթե երկկողմանի են տպում, ապա 15 դրամ է: Գունավոր տպագրությունը սկսվում է 100 դրամից:
«A4 ֆորմատի թղթի մեկ տուփի արժեքը հիմա դարձել է 3500 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն: Տուփում կա 500 թուղթ: Իսկ A3 ֆորմատի թուղթ ընդհանրապես չկա: Դա ավելի մեծ է, վերցրել, կիսել, A4 ֆորմատի են սարքել: Գրախանութներում չկա, անգամ փորձել ենք «Փեթակից» գնել, այնտեղ էլ չկար: Ասում են՝ Ռուսաստանում ևս A4 ֆորմատի թուղթ չկա։ Պատճառը թղթի վերամշակման համար անհրաժեշտ քիմիկատների բացակայությունն է: Դրանք բերվել են այլ երկրներից»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պատճենահանման կետերի աշխատակիցները:
Հայտարարությունների list.am կայքում A4 ֆորմատի թղթի 100 հատը վաճառում են 3500 դրամով: Ամենաքիչ պատվերը պետք է լինի 2 արկղ: Կախված որակից՝ 500 հատը վաճառվում է 3700-4500 դրամով:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ մաքսային գործառույթների տեսանկյունից խնդիր չկա:
«ՀՀ-ում A4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որևէ սահմանափակում չկա, մաքսային ընթացակարգով որևէ փոփոխություն, նորամուծություն կամ արգելք՝ ևս»,- նշեցին ՊԵԿ-ից:
Հավելենք, որ լրագրային թուղթը 2020, 2021թթ. ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից:
Իսկ թուղթ և ստվարաթուղթ, ոչ կավճապատ, թուղթ և ստվարաթուղթ ձեռքով կաղապարված՝ խմբաքանակը բերվել է հետևյալ երկրներից՝ Ֆինլանդիա, Վրաստան, Վիետնամ, Սլովենիա, ՌԴ, Պորտուգալիա, Չինաստան, Չեխիայի Հանրապետություն, Ուկրաինա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Միացյալ Նահանգներ, Կոլումբիա, Կանադա, Լիտվա, Լեհաստան, Իրան, Իտալիա, Իսպանիա, Ինդոնեզիա, Թուրքիա, Թաիլանդ, ԵՄ, Եգիպտոս, Գերմանիա, Բրազիլիա, Բելգիա, Բելառուս, Արգենտինա, ԱՄԷ, Ավստիա, Ավստրալիա: