Բաժիններ՝

Հայէկոնոմբանկը հայցադիմում է ներկայացրել Րաֆֆի Ասլանյանի դեմ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն իմ դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և սահմանված նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Իհարկե հրապարակային, այդ թվում՝ լրատվության միջոցների մասնակցությամբ դատաքննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ բանկն իսկապես հրաժարվում է իր մասնաճյուղի կառավարչի կողմից հափշտակված քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի ավանդները և դրանց երկարամյա տոկոսները փոխհատուցելուց։

Սակայն, կարծում եմ, որ ինձ բոլոր ճանաչողները առավել քան վստահ են, որ ինքս բնույթով զրպարտող մարդ չեմ, իսկ մասնագիտության բերումով՝ զրպարտությունը շատ լավ եմ տարբերում իրականությունից։ Սեփական գործարար համբավի պաշտպանության տակ քողարկված բանկի այս գործողությունները որակում եմ ընդամենը իր գործառութային պարտականությունները կատարող փաստաբանին կաշկանդելու, լռեցնելու անհաջող փորձ և ավանդատուի գումարները վերադարձնելուց զերծ մնալու հերթական միտում, որի այլ շարժառիթների մասին բոլոր փաստարկները հետագայում կներկայացնեմ լրատվամիջոցներին։

Այս պահին ոմանց ընդամենը կարող եմ զգուշացնել, որ կարող են սխալ դուրս գալ դատարանին սեփական հիմնարկ համարելու իրենց հաշվարկներում և դարձյալ կրկնում եմ, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԸ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ԲԱՆԿՈՒՄ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՉԷ (յուրացման գործով կառավարիչը դատարանում ամբաստանյալ է, իսկ բանկը՝ տուժող), ԻՆՉԸ ԻՄ ՈՂՋԱՄԻՏ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ՝ ԲԱՆԿԻ ԻՇԽԱՆԱՄԵՐՁ ԼԻՆԵԼՈՒ ԱՐԴՅՈւՆՔ է։

Իսկ թե բացարձակ իրականություն հանդիսացող այս ամենում զրպարտությունը ո՞րն է, նույնիսկ ինձ է անհասկանալի….»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս