«Պատրաստ եմ բուշլատս ու սապոգներս հագնել, գնալ ցեխի մեջ խրվելով՝ գիշեր-ցերեկ մի բան անել, որպեսզի իմ երկիրը լավ լինի». Հենրիկ Քոչինյան
1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանի կարծիքով՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը կարող է լուծել միայն բանակը։ Թշնամու ագրեսիայի առաջն առնելու համար պետք է վերականգնել բանակի ուժը, հակառակ դեպքում՝ մի օր ասելու են՝ խաղաղություն ենք հաստատում, հաջորդ օրը դրա մասին կմոռանան, իսկ մյուս օրը կարող է միջազգային մի իրադարձություն տեղի ունենալ, որը խիստ բացասական կազդի հայկական կողմի վրա։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանն առիթը կօգտագործի և առաջ կգա։
«Եթե ունենանք ուժեղ բանակ, որը կանգնած կլինի մեր սահմաններին, թշնամու համար դժվար կլինի առաջ գալը։ Գուցե մեկ ամիս հետո պատերազմ լինի, առանց պատերազմի չի էլ լինի, ի՞նչ, սպասենք, որ գան մեր տունը գրավե՞ն։
Բանակի հետ կապված շատ բաներ պետք է տեսանելի չլինեն ո՛չ սովորական մարդկանց, ո՛չ էլ, առավել ևս, հակառակորդի համար։ Հետևաբար՝ ես հստակ չեմ կարող ասել, թե կոնկրետ բանակի համար ինչ է արվում, ինչպիսի զինամթերք, ամրաշինական աշխատանքներ են անում։ Սակայն, կարծում եմ՝ ցանկացած խելամիտ մարդ պետք է հասկանա, որ եթե Արցախը բանակ չունենա՝ ընդհանրապես Արցախ չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկ Քոչինյանը։
Նրա խոսքով՝ եթե այսօր խոսում են «խաղաղության պայմանագրից» և հայտարարում, որ այն չի ներառում Արցախի հարցը, ապա առնվազն միամտություն է մտածել, որ Ադրբեջանը չի փորձելու ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը ճանաչի, Արցախը՝ ներառյալ։
«Բանակցային գործընթացը դժվար պրոցես է, մեկ օրով հարց չի լուծվում, դրա համար պետք է նախապատրաստվել, ու մենք էլ մեր առաջարկներն անենք։ Թող որևէ մեկը միամիտ չլինի ու չկարծի, թե մեկ օրում կամ մեկ տարում հարց կլուծեն, դա երկար խնդիր է։ Ի վերջո, մենք 30 տարի շարունակ բանակցում էինք Ադրբեջանի հետ։ Կրկնում եմ՝ սա երկարատև պրոցես է, և հայկական կողմն ամեն ինչով պետք է պատրաստ լինի, պատմական փաստաթղթով, հազար ու մի բաներով, ամեն մի չնչին գործիք պետք է վերցնի ու օգտագործի, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»,- հավելեց Հենրիկ Քոչինյանը։
Նրա փոխանցմամբ՝ 90-ականներին, երբ Հայաստանը նույնիսկ ձևավորված բանակ չուներ, միակ դրական բանը, որ կար, այն էր, որ ամբողջ հայ ազգը վաղվա օրվա նկատմամբ մեծ հույսեր ուներ և պայքարում էր, որպեսզի այդ հույսերն իրականանան։
«Մենք Ադրբեջանից ուժեղ չէինք ո՛չ քանակապես, ո՛չ զենքով, ո՛չ էլ ֆինանսապես, շրջափակման մեջ գտնվող տնտեսությունն էլ հազիվ շնչում էր։ Սակայն հավատը շատ լուրջ գործոն էր, և այդ հավատն օգնեց, որպեսզի կարողանանք ուժերը համախմբել, պայքարել։ Երբ զոհ էինք ունենում, ծնողները, հարազատները ցավով էին տանում, բայց ասում էին՝ զոհվեց հանուն հայրենիքի, ազատության, Արցախի անկախության, այսպես ասած՝ գիտակցորեն էին ցավն ընկալում։ Հիմա, երբ շփվում եմ իմ շրջապատի մարդկանց հետ, նման հավատ շատ քչերի մոտ եմ տեսնում։
Այն ճանապարհները, որոնք մենք սարքեցինք Սյունիքում, և հիմա դրանք գտնվում են թշնամու հսկողության տակ, ցավալի է տեսնելը։ Խելացի մարդն իր զավակի կորստին ինչպե՞ս կնայի՝ դրանք ինձ համար իմ զավակին համարժեք են եղել։ Մեծ ցավ է ինձ համար, տեղս չեմ կարողանում գտնել։ Կրկին պատրաստ եմ բուշլատս ու սապոգներս հագնել, գնալ ցեխի մեջ խրվելով՝ գիշեր-ցերեկ մի բան անել, որպեսզի իմ երկիրը լավ լինի։ Ցանկացած բանի պատրաստ եմ՝ հանուն հայրենիքի, միայն հանուն հայրենիքի, այլ ոչ թե՝ այս կամ այն քաղաքական ուժի։ Փառք Աստծո, առողջությունս էլ կբավարարի»,- շեշտեց Հ. Քոչինյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների բացմանը, Հենրիկ Քոչինյանը նկատեց՝ եթե, օրինակ, Թուրքիայի հետ սահմանը բացվի, նա իր առջև ռազմական խնդիրներ չի դնի, որովհետև փակ սահմանների դեպքում էլ կարող է ռազմական լուծումների գնալ, հետևաբար՝ խնդիրն այստեղ տնտեսականն է։
«Բաց սահմանները տնտեսության համար լավ են, բայց պետք է պատրաստ լինել տնտեսական ներխուժմանը դիմակայելուն։ Չպետք է մոռանանք, որ համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ երկիր ենք, շատ բան չենք կարող դնել-փակել, բայց խնդիրներ կան, որ որոշակի հարկային քաղաքականության ու պահանջների շնորհիվ հնարավոր կլինի լուծել։
Պետք է ուսումնասիրել նաև այլ երկրների փորձը, մասնավորապես, ես կուզենայի, որ իսկապես Իսրայելից օրինակ վերցնեինք, այն ամենը, ինչ Իսրայելում կարողանում են աճեցնել, թույլ չի տալիս դրսից ներկրել, ինքնաբավ է, և մինչև 30 տոկոս արտահանում է»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։