Ադրբեջանցի տեղահանվածները երազում են վերադառնալ, և մենք դրան աջակցում ենք. Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփ
«Ադրբեջանցի բռնի տեղահանվածները երազում են վերադառնալ իրենց հողեր, և մենք սատարում ենք այդ ցանկությանը, աջակցում ենք օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնմանը»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր «Ականազերծման հումանիտար գործունեությունն ու կայուն զարգացման նպատակները» վերտառությամբ միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը:
Մասնավորապես խոսելով ականազերծման գործընթացի մասին՝ դեսպանը նշել է, թե Մեծ Բրիտանիան հպարտ է, որ օպերատիվ աջակցել է Ադրբեջանին լուծել այդ ոչ պարզ ու հումանիտար տեսանկյունից չափազանց կարևոր խնդիրը:
Ըստ նրա՝ այդ գործընթացի առաջնահերթությունն ադրբեջանցիների ցանկությունն է՝ վերադառնալ իրենց տարածքներ:
Շարփը նաև ասել է, որ ականազերծման բրիտանացի փորձագետները, համագործակցելով Ադրբեջանի ականազերծման գործակալության հետ, աշխատում են նախկին փախստականների անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու ուղղությամբ։
«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նույնպես ականազերծման դասընթացներ են անցկացրել՝ գործընթացն արագացնելու համար»,- ասել է Շարփը:
«Ես եղել եմ ազատագրված տարածքներում, այնտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում, կառուցվում են ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, օդանավակայան: Սա մեծ ձեռքբերում է, շնորհավորում եմ: Իհարկե, դա հնարավոր դարձավ Ադրբեջանի ականազերծման գործակալության գործունեության շնորհիվ: Տարածքների մաքրումն ականներից կարևոր է մարդկանց անվտանգության համար, և մենք հավատում ենք, որ Ադրբեջանը համաշխարհային մակարդակով այս ոլորտում առաջնորդություն կդրսևորի»,- բրիտանացի դիվանագետի խոսքը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դիվանագետը հավելել է, որ Աղդամում օգտագործվում են բրիտանական արտադրության հատուկ անօդաչու սարքեր, որոնք նախատեսված են ականներ հայտնաբերելու համար։