«Խաղաղության դարաշրջան գոռգռացողները տանը քարտեզ ունե՞ն. դա թրքամետ, ապազգային եզրույթ է». Արման Աբովյան
«Տխրահռչակ խաղաղության պայմանագրին կամ կապիտուլյացիոն համապարփակ ակտին, ըստ էության, մենք ծանոթ ենք, որովհետև հաշվի առնելով իշխանության հայտարարությունները, որ այն 5 նախապայմանները, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը մեր առջև դրել է, անընդունելի չեն: Դա նշանակում է, որ այդ փաստաթուղթը իրենք համարում են մի գործընթաց, որը Հայաստանին սպառնացող վտանգները կչեզոքացնի: Բայց այստեղ ստիպված եմ փաստել ՀՀ իշխանությունների ոչ ադեկվատ թե՛ գործընթացների ընկալումը, թե՛ վերլուծումն ու հետևություններ անելը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
«Երբ ասում եմ՝ ոչ ադեկվատ, նպատակ չունեմ վիրավորելու, բայց այնքան անադեկվատ են. երկու տարվա ընթացքում իրավիճակը հասցնել աբսուրդի, երբ թուրք-ադրբեջանական ոհմակն ասում է՝ հայեր, գնացեք, դուրս եկեք տարածաշրջանից, ապամոնտաժվեք, չեզոքացեք, Թուրքիայի և Ադրբեջանի վերջնանպատակը ֆիզիկապես միավորվելն է, ինչի մասին նրանք բազմիցս հայտարարել են, իսկ ի՞նչ է դրան պատասխանում Հայաստանը, ասում են՝ ոչինչ, դուք մեզ ուզում եք կոտորել, դա մի կողմ դնենք, եկեք՝ փորձենք բարիշել, եղբայրանալ: Դա այնքան անգրագետ, ադրբեջանահաճո, թրքամետ, ապազգային, ապապետական եզրույթ է, որ պարզապես գլխի մեջ չի տեղավորվում, թե ինչի հիման վրա են այդ մարդիկ փորձում խաղաղության դարաշրջան հռչակել տարածաշրջանում այն պարագայում, երբ իրենց քաղաքականությունը բերեց այն պարզ տեսլականին, որ իրենք որևէ դեր որևէ գործընթացում չեն խաղում»,- ընդգծեց նա:
Արման Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները նեոլիբերալ գաղափարների մեջ են և անհույս մնացել են 20-րդ դարի մեջ.
«Ենթադրենք, ուզում են խաղաղություն. Խաղաղության երաշխիքը քո պատրաստակամությունն է պատերազմել, ոչ թե պատերազմ հրահրել, այլ պաշտպանվել բոլոր մեթոդներով, նաև՝ կռվով, եթե քեզ ուզում են ոչնչացնել: Երբ այդ պատրաստակամությունը չկա, և դու առավոտից իրիկուն սրա-նրա ոտքերն ընկած՝ աղաչում ես, աղերսում ես խաղաղություն, դա բնավ չի նշանակում, որ ինքը կփոխի իր տեսլականը առ քեզ: Երբ իշխանական պատգամավորները աչքերը չռած գոռում են, թե գոյություն չունի պանթուրական պրոյեկտ, ես պարզապես իրենց խորհուրդ կտամ գոնե մի քիչ կարդան, կարդան նվազագույնը այն հայտարարությունները, որոնք արվում են թուրքերի կողմից: Նրանք պետական մակարդակով արդեն կյանք են տվել թուրանի բանակ գաղափարին, պետական մակարդակով ձևավորվել է թուրքալեզու պետությունների միություն, երբ տնտեսական մակարդակով թուրքալեզու պետություններն իրար մեջ ստեղծում են առավել բարենպաստ պայմաններ: Ի վերջո, իրենց հարց տան՝ ինչի՞ համար են Թուրքիան և Ադրբեջանը մինչև հիմա պնդում, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի ապաազգայնականացմանը, այսինքն՝ որ միջանցքը, օրինակ՝ ոչ մեկինը պետք է չլինի: Դա՝ այն պարագայում, որ Ադրբեջանը հաղորդակցության խնդիր չունի, Իրանի տարածքով կապ ունի: Ինչի՞ համար Թուրքիան և Ադրբեջանը պետք է ձեզ հետ գնան խաղաղության, ի՞նչ են դրանից ստանում. Ոչ մի բան: Ասեմ ավելին՝ իրենց հետաքրքրությունը տարածաշրջանում միավորվելն է: Այդ խաղաղության դարաշրջան գոռգռացողները տանը քարտեզ ունե՞ն, թող քարտեզը բացեն՝ նայեն, ավել բան չեմ ասում»:
Նա նկատեց՝ մարդիկ չեն ուզում առնչվել իրականության հետ. «Եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ կարող է թուրքին ճորտ աշխատելով՝ իր տունը պահել, դա էլ չի լինելու: Թուրքը նպատակ չունի քեզ ճորտ պահի, նպատակ ունի քեզ դուրս հանել տարածաշրջանից: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ ի՞նչ պետք է անեն, որ այդ պրիմիտիվ բաները հասկանաք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում