Բաժիններ՝

Բավականին տարօրինակ է. ո՞նց են ստուգելու՝ ո՞ր րոպեին աղը դրվեց կամ չդրվեց. «Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն

Առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի սեղաններին աղաման դնելը: Ավելին,  առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, տնտեսվարողը կտուգանվի 30.000 դրամով:

Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց՝ 40.3%, և կանանց՝ 30.1% ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:

«Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ դժվար են պատկերացնում, թե ինչպե՞ս են ստուգելու:

«Ոստիկանները մտնում են տարածք՝ ստուգեն՝ աղ դրա՞ծ է, թե՞ դրած չէ: Այսինքն՝ տնտեսվարողի գործունեությանն անհարկի միջամտություն է սա: Հանրային առողջությունը բարելավելու նպատակով է արվում, բայց կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլինի, որ Առողջապահութան նախարարությունը, Տեսչական մարմիններն առաջինն իրազեկման արշավ ծավալեն հասարակության շրջանում, խոսեն աղի շատ օգտագործման վնասակարության մասին, ներկայացնեն ինչ-որ վերլուծություններ, ոչ թե  բիզնեսի վրա նորից դնեն այդ տհաճ գործառույթը: Ո՞նց եք պատկերացնում, ոստիկանը մտնում է, մարդիկ հաց են ուտում կամ պետք է ուտեն, ուզում է ստուգել:

Այսինքն, անգամ տեխնիկապես դա իրագործելը բավականին տաօրինակ է և անհարիր է հյուրընկալության միջավայրին: Ո՞նց են ստուգելու՝ ո՞ր րոպեին աղը դրվեց կամ չդրվեց: Բավականին տարօրինակ է, դրա համար այս խնդիրը բարձրաձայնելու ենք: Առողջապահության նախարարության հետ քննարկում կնախատեսենք: Հասնելու ենք նրան, որ նորմալ տարբերակ գտնվի: Միգուցե սկզբում առողջապահության մարմիններն իրենց հանրային արշավնե՞րը կազմակերպեն, և հասնեն նրան, որ մարդը իմանալով, որ շատ աղ օգտագործելը վնաս է առողջությանը՝ քիչ օգտագործի կամ ուղղակի չօգտագործի: Վարչական ձևով կարգավորելը՝ այս տարբերակով, կարծում եմ, որ սխալ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահե Գևորգյանը:

Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ին ավելի վաղ  հայտնել էր, որ սա դեռ նախագիծ է, որոշում չկա՝ պետք է լուրջ փուլեր անցնի: Իսկ առաջարկն արվել է՝ հանրային առողջության տեսանկյունից:

«Սա առողջ սերունդ ունենալու նախագիծ է, մենք ոչ մեկի չենք արգելում, բայց ելնելով իրենց առողջության առաջնահերթությունից՝ խորհուրդ ենք տալիս աղի չափավոր կիրառում։ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար` կրճատելով ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկի` աղի չարաշահման տարածվածությունը:

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխանաբար լրացումներ կատարել` հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման, աղամանի առկայության համար պատասխանատվություն սահմանելով»,- մանրամասնել էր ԱՆ մամլո խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս