Կառավարությունը ձեռքերը լվանում է
Իրականությունը կեղծելը միշտ էլ եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության մեծագույն առաքելությունը։ Բայց որ այս աստիճանի կհասներ, հազիվ թե կարելի էր պատկերացնել։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե մինչև ուր կարող է հասնել մարդկային երևակայությունը։
Մեկ անգամ չէ, որ փորձել են խաբել ու մոլորեցնել հասարակությանը. տնտեսական հեղափոխությունից, թռիչքային աճերից ու բումերից էին խոսում, լուսավոր ու պայծառ ապագա էին խոստանում մարդկանց, արդյունքում՝ հայտնվեցինք տնտեսական ու սոցիալական ճգնաժամի մեջ։
Այդքանից հետո՝ փոխարենը հետևություններ անեն, կրկին փորձում են նույն ճանապահով գնալ, մանիպուլյացնել ու մոլորեցնել հասարակությանը։
«Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է,- Կառավարության երեկվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու փոխարենը՝ ասելու, թե ինչ են մտադիր անել մարդկանց հոգսը թեթևացնելու համար, սկսեց արդարացումներ բերել,- Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել՝ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով։
Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ»:
Թե ինչո՞վ է Հայաստանն ավելի լավ վիճակում, սպառողները կասեն։ Բայց փաստ է, որ այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում գնաճի հետ, միայն համաշխարհային շուկաների հետևանք չէ։ Հայաստանում թանկանում են ոչ միայն ներմուծվող, այլև տեղում արտադրվող ապրանքները, և դա ամբողջ աշխարհի հետ կապ չունի։
Բանջարեղենի գնաճը, ամենաթարմ տվյալներով, փետրվարին կազմել է ավելի քան 31 տոկոս։ Ու սա ոչ թե արտաքին, այլ ներքին գործոնների հետևանք է։
Տեղական կարտոֆիլի գինը մեկ տարում բարձրացել է 71 տոկոսով, կաղամբինը՝ գրեթե 3 անգամով։
Սրանք տեղում արտադրվող ապրանքներ են, որոնց վրա միջազգային շուկաների գնային ազդեցությունները շատ փոքր են կամ գրեթե չկան։ Պարզապես կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունքում նվազել են արտադրության ծավալները՝ հանգեցնելով գների նման բարձրացումների։
Նույնը նաև մյուս գյուղմթերքների պարագայում է։
Իսկ թե ինչո՞ւ են արտադրության ծավալները նվազել, պետք է հարցնել իշխանություններին։ Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունն է, որը հանգեցրել է արտադրության ծավալների նվազման։
Գնաճի պատճառները շատ են ու շատ դեպքերում կապված չեն արտաքին գործոնների հետ։
Բազմաթիվ ապրանքներ թանկացել են ու շարունակում են թանկանալ ոչ միայն այն պատճառով, որ ներմուծման գներն աճել են, այլև այն պատճառով, որ իշխանությունները բարձրացրել են հարկային բեռը։
Օրինակ՝ վառելիքը. երբեք Հայաստանում բենզինն այսքան թանկ չի եղել, ինչքան հիմա է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ համաշխարհային շուկայում նավթի գները շատ ավելի բարձր էին, քան հիմա են։
Թանկացումների հետ կապված այսպիսի օրինակները շատ են։ Բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանը գերադասում է չխոսել և փորձում է երկրում սոցիալական վիճակի վատացման ամբողջ մեղքը դնել արտաքին գործոնների հետևանքով արձանագրվող գնաճի վրա։ Այնինչ՝ սոցիալական վիճակի վատացումը միայն գների բարձրացումով ու թանկացումներով չէ, որ պայմանավորված է։
Գները բարձրանում են, սակայն հասարակության մեծ մասի եկամուտները չեն ավելանում։ Իսկ ո՞ւր մնաց կառավարության սոցիալական քաղաքականությունը։
Կառավարությունը նրա համար է, որ մտածի մարդկանց գնաճից պաշտպանելու և դրա հետևանքները մեղմելու մասին։ Ու երբ փորձում են համեմատվել դրսի հետ, չպետք է մոռանալ, որ դրսում գնաճը ուղեկցվում է մարդկանց եկամուտների ավելացմամբ, չհաշված, որ բազմաթիվ երկրներում մարդկանց գնողունակությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Ի վերջո՝ նույն Ռուսաստանում, որը կիրառվող պատժամիջոցների հետևանքով հայտնվել է չափազանց բարդ տնտեսական իրավիճակում, հունվարի 1-ից բարձրացրել է կենսաթոշակները, ապրիլի 1-ից պատրաստվում է բարձրացնել սոցիալական կենսաթոշակը՝ անապահով այս հատվածին գնաճի ազդեցությունից պաշտպանելու համար։
Իսկ ի՞նչ են անում մեր իշխանությունները։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ փող չունենք կենսաթոշակ բարձրացնելու համար, բայց նույն պահին 4,1 մլրդ դրամ են հատկացնում ոստիկաների, քննիչների և իրավապահ համակարգի այլ աշխատողների աշխատավարձերի կամ հավելումների համար։ Ու այդքանից հետո համարում է, թե շահարկում և անհարկի քննադատում են կառավարությանը, որ կենսաթոշակ չի բարձրացնում։
«Կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է՝ բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20.000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550.000 հոգու թոշակը: Կամ 600.000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն»,- արդարանում է Նիկոլ Փաշինյանը։
Պարզ է, որ իշխանությունների համար այսօր առավել կարևոր են ոստիկաններն ու մյուս իրավապահները, քան կենսաթոշակառուներն ու մյուս սոցիալական խոցելի խմբերը, որոնք բարձր գնաճի հետևանքով հայտնվել են շատ ավելի ծանր սոցիալական վիճակում։ Կառավարության ղեկավարը բացահայտ ասում է, որ նրանց համար փող չունենք։
Ու այդքանից հետո հպարտանում է, որ աննախադեպ բյուջետային եկամուտներ են ապահովել՝ «Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտներն աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում»:
Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր թվերը խառնում է ու դիմում իր սիրած զբաղմունքին։
Նախ՝ Հայաստանի համար ամենաճգնաժամային տարին ոչ թե 2021թ., այլ 2020թ. էր։ Այդ տարի էր, որ տնտեսությունը 7,4 տոկոս անկում արձանագրեց, իսկ բյուջեի հարկային եկամուտները նվազեցին շուրջ 80 մլրդ դրամով։
Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր հիշում, թե ինչ էր խոստացել։ Հիմա կրկին հիշել է, բայց մոռանում է, որ այդ խոստումը պիտի կատարեր ոչ թե՝ 4, այլ՝ 1, առավելագույնը՝ 2 տարում։ Չորս տարվա ընթացքում հարկային եկամուտները, բնականաբար, պիտի ավելանային, և այն աճը, որն ունենք 4 տարվա կտրվածքով, ամենևին էլ արտառոց չէ։ Նախկինում շատ ավելի լավ արդյունքներ են եղել։
Մինչ միջազգային ու տեղական ֆինանսական կազմակերպությունները տնտեսական աճի գահավիժում են կանխատեսում Հայաստանում, Նիկոլ Փաշինյանն էլի ՀԴՄ-ներն է մեյդան բերում։ Էդպես էլ չհասկացան, որ տրամադրված ՀԴՄ-ների քանակով չէ, որ որոշվում է երկրում տնտեսական ու սոցիալական վիճակը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ