Բաժիններ՝

«Կարծես թե բելառուսական և ուկրաինական դեղերի դեֆիցիտ է. ՀՀ ԱՆ-ն պետք է թույլատրի զուգահեռ դեղերի ներմուծումը»

Դեղերի շուկան անկայուն է՝ կորոնավիրուսի և պատերազմի ժամանակ ստեղծված վիճակի համեմատ. նախկինում կայուն մատակարարումներն այժմ խափանվել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ:

Ներկրողները կարևորում են բոլոր արհեստական խոչընդոտները վերացնելը, զուգահեռ ներմուծումը թույլատրելը, որպեսզի ոլորտում մոտալուտ կոլապսից նվազագույն վնասներով կարողանան դուրս գալ:

«44-օրյա պատերազմից հետո Կառավարությունը թույլատրեց զուգահեռ ներմուծումը, որոշակի մրցակցություն եղավ, տարբեր տեղերից կարողացան դեղեր ներմուծել՝ նույնիսկ չգրանցված դեղամիջոցներ, որոնք ՀՀ ԱՆ առընթեր Դեղտեսչության կողմից ուղղակի ստուգվում և բաց էին թողնվում: Դրա շնորհիվ որոշակի էժանացում եղավ՝ մոտավորապես երկու տարի, ու դեղերը գնալով ավելի էժանանում էին: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ կարծես թե բելառուսական և ուկրաինական դեղերի դեֆիցիտ է: Եվրոպական որոշ դեղամիջոցներ մի փոքր թանկացել են՝ դոլարի և դրամի փոխարժեքով պայմանավորված: Բայց, ամեն դեպքում, մեր շուկայում ամեն ինչ խաղաղ է: Այնպես չէ, որ ռուսական շուկայից շատ դեղ ենք ներմուծում, եվրոպականն էլ շատ ունենք: Կան նաև հայկական, ասիական, վրացական դեղեր: Ընդհանուր առմամբ վերջին շրջանում դեղորայքի մի փոքր դեֆիցիտը, կարծում եմ՝ կապված է եղանակի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու հանգամանքին:

Նշեմ, որ որոշակի դեղամիջոց կուտակվում էր Ուկրաինայում՝ միջնորդված բազաներում, նոր էր գալիս: Այդ առումով որոշ ֆիրմաների դեղորայքը մի փոքր դեֆիցիտ կդառնա: Կարծում եմ՝ խուճապի խնդիր չկա, որովհետև ունենք և՛ հայկական, և՛ ռուսական դեղորայքի հոմանիշներ, ու այնպես չէ, որ շուկայում հանկարծ որևէ բանի խիստ դեֆիցիտ կլինի: Ամեն դեպքում ցանկալի կլինի, որպեսզի Առողջապահության նախարարությունը կրկին թույլատրի զուգահեռ ներմուծումը, որովհետև այն գործում էր արտակարգ իրավիճակների պայմանում: Դա հանել են, ու էժանացումը կմնա անցյալում, սակայն կարծում եմ, որ պետք է շարունակել, որովհետև մեզ նման փոքր հանրապետությունում Վրաստանի օրինակով կարելի է այդ զուգահեռ ներմուծումը թույլատրել, որպեսզի դեղերի տեսականի լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դեղատների սեփականատերերից մեկը:

Հավելենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը:

Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29: 2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել շատ ներկրվել են Ֆրանսիայից: 2020 թվականին 2019 թվականի համեմատ՝ ուսումնասիրվող ապրանքային շուկաներում առավել խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են, ինչը խոսում է մրցակցային միջավայրի բարելավման մասին: Առանձին դեղամիջոցների վերաբերյալ վերլուծությունը ևս ցույց է տվել մրցակցային միջավայրի բարելավում:

Որոշ դեպքերում առանձին դեղամիջոցների մանրածախ իրացման գներն աճել են, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել մեծածախ իրացման միջին գների նվազում: Ուսումնասիրված դեղերի՝ ինչպես մեծածախ, այնպես էլ՝ մանրածախ իրացման գները 2020 թվականին 2019 թվականի համեմատ՝ հիմնականում աճել են: Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ կենսականորեն բարձր նշանակություն ունեցող դեղամիջոցների մանրածախ իրացման գների նվազման տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ գնային կարգավորման քաղաքականության կիրառումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս