Դատարանը քննում է Վլադիմիր Կարապետյանի դեմ Գառնիկ Իսագուլյանի բողոքի՝ ԱԱԾ մերժման որոշման դեմ հարցը

Այսօր Դատարանը քննում է Վլադիմիր Կարապետյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մերժման որոշման դեմ բողոքը:

Հայցը ներկայացրել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով կալանքից ազատ արձակվելուց հետո այսօր ներկա էր դատական նիստին: Նիստի սկզբին վերջինիս շահերի ներկայացուցիչը նշեց, որ անձամբ դատարանի դեմ բան չունեն, ինքնաբացարկի հիմքեր՝ նույնպես, սակայն այս դատարանն օրենքի հիման վրա կազմավորված դատարան չէ, քանի որ դատավորը չի ընտրվել էլեկտրոնային մակագրման հիման վրա, իսկ ձեռագիր մակագրությունը ենթադրում է սուբյեկտիվություն:

«Հետևաբար՝ մենք դատարանին հայտնում ենք ինքնաբացարկ»,- ասաց Աննա Ծառուկյանը:

Իսագուլյանը, հիշեցնենք, ազատությունից զրկվել էր  սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը մամուլի ասուլիսի ընթացքում Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական գործակալ լինելու մասին արված գնահատականների վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին է։

«Մեղադրանքն իր սկզբնական ձևավորմամբ արդեն իսկ հիմնավորում է, որ իրականության հետ կապ չունի, քանի որ, ըստ մեղադրանքի, ասուլիսը հրավիրվել է «168 ժամ» լրատվական կայքի կողմից, մինչդեռ՝ լրատվականը մամուլի ակումբ չէ և չի կարող մամուլի ասուլիս հրավիրել։ Իսագուլյանն ասուլիսի ժամանակ որևէ կերպ իրավապահ մարմիններին չի դիմել, ինչի մասին պաշտպանության կողմը բարձրաձայնել է՝ ինչպես վարույթ իրականացնող մարմնում, այնպես էլ՝ դատարանում՝ կալանավորման միջնորդության քննության ընթացքում, ինչի արդյունքում դատարանը փաստել է, որ դիմել է ՌԴ իրավապահ ծառայություններին»,- դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին ասել էր Գառնիկ Իսագուլյանի պաշտպանը։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու:

Ըստ պաշտպանի՝ միտում կա գործը հետաձգելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս