Ի՞նչ է Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը

Այլընտրանքային նախագծեր խումբը  «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։

Թևան Պողոսյան ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ. Արցախը 2030 թվականին պետք է ունենա 200 հազար  բնակչություն, սա այն է ինչի մասին մենք պետք է մտածենք։

Այսօր խոսում են խաղաղության օրակարգից։ Ժամանակին իշխանությունները մի թեզ էին պտտում, թե Արցախյան խնդրի կարգավորումը պիտի բխի երեք ժողովուրդների շահերից։ Ակնհայտ է, որ խաղաղություն ասելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները շատ տարբեր բաներ են հասկանում։ Ադրբեջանական պետությունը խաղաղություն ասելով հասկանում է Արցախի լիարժեք հայաթափում և Հայաստանի վերջնական  կապիտուլացիան։ Խաղաղության այս ծայրահեղ տարբեր ընկալումները մենք պիտի հստակ արձանագրենք։

Բանակցելու համար պիտի բատնա ունենաս։ Հիմա գնաս նստես, ի՞նչ բանակցես, մենք այլընտրանք ունե՞նք։ Եթե մեր կողմից դրվի Արցախի դեմոգրաֆիկ իրավիճակը փոխելու, ծնելիության խրախուսման, Արցախում ապրող նորաստեղծ ընտանիքների աջակցման  նպատակ՝ դա կփոխի իրավիճակը բանակցություններում։ Եթե բանակցություններին զուգահեռ իշխանությունը ասում է Արցախը 2030 թ-ին պիտի ունենա 200 000 բնակչություն,ես կասեի գնացեք՝բանակցեք։

Արման Աբովյան՝ ԲՀԿ, ԱԺ նախկին պատգամավոր.   Այսօր գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ

Դիտարկելով պրոցեսները որոնք տեղի են ունենում Ուկրաինայում և առհասարակ աշխարհում՝ Սիրիա, Լիբիա, Հյուսիսային Իրաք, պետք է հասկանալ մի բան,որ այլևս գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ։ 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ինչ ուզում անում է։  Չգիտես ինչու 44 օրյա պատերազմը դաս չեղավ  մեր հասարակության համար առ այն,որ որ հարթակից ինչ գեղեցիկ ճառեր ուզում ես ասա՝միևնույն է իրականության հետ կապ չունի։ Այսօր գծվում են նոր աշխարհաքաղաղաքական սահմաններ, գծվում են նոր անվտանգային համակարգի դրույթները՝ թե ինչպես է ապրելու երկրագունդը։ Հայաստանը որևէ պարագայում, այս գործընթացներից զերծ մնալ չի կարող։ Սահմանները, որոնք գծվում են, անցնելու են նաև Հայաստանի տարածքով։ Մեզնից է կախված դրանք ինչպես ու որտեղով են անցնելու։

Տիգրան Աբրահամյան՝ ԱԺ պատգամավոր . Իրականում այն քայլերը, որոնք արվում են իշխանության կողմից խաղաղության օրակարգի շրջանակներում, մեզ մոտեցնում են նոր պատերազմի։

Կա մի մեծ մոլորություն, որ Հայաստանի իշխանությունների համար իջեցվել է խաղաղության օրակարգ, որովհետև այն, ինչի մասին խոսում է ՀՀ իշխանությունը և այն, ինչ ներդաշնակորեն ներկայացվում է ադրբեջանցիների կողմից՝ դրա մեջ ավելի շատ պատերազմ կա, քան՝ խաղաղություն։ Հանրային ընկալման մեջ տպավորություն կա, իբր կա օրակարգ և դա խաղաղությունն է, և դրան կողմ է իշխանությունը, և կան մնացածը, ովքեր դեմ են խաղաղությանը։ Իրականում այն քայլերը, որոնք արվում են իշխանության կողմից խաղաղության օրակարգի շրջանակներում՝ մեզ շատ ավելի են մոտեցնում պատերազմին, քան մնացած բոլոր ուժերի քայլերը կամ խոսքերը։ Իշխանության կողմից հայտարարված խաղաղության դարաշրջանում, ՀՀ սուվերեն տարածքը երեք անգամ ագրեսիայի ենթարկվեց և, ըստ պաշտոնական տեղեկությունների, Վայոց ձորի,  Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում Ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սուվերեն տարածքը օկուպացվեց, և սա տեղի է ունեցել խաղաղության օրակարգի պայմաններում։ Ցավալիորեն այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Արցախում, կանվանենք դա էներգետիկ ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ, թե առհասարակ՝անվտանգային ճգնաժամ, փոխկապակցված է բանակցային գործընթացների հետ և ցավալիորեն գնում է ավելի վատ սցենարով,  քան փորձագետները հետպատերազմական ժամանակաշրջանում  կանխատեսում են։

Հրանտ Մելիք Շահնազարյան. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար. Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ, ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։

Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ,  Հայաստանը՝  Արարատ Միրզոյանը չէ,  Հայաստանը միայն ընդդիմադիրները չեն, Հայաստանը ամենից առաջ հենց մեր ժողովուրդն է։

Ես ավելքի քան համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր չէ  ո´չ Հայաստանի ճակատագրի,  ո´չ Արցախի ճակատագրի,  ո´չ այն իրողությունների նկատմամբ, որոնք ձևավորվել են մեր տարածաշրջանում, բայց հայ հանրությունը ունի մի լրջագույն խնդիր․ մենք ապակողմնորոշված ենք։ Չկան ուժեր, չկան առաջնորդներ, չկան գործիչներ,ում մարդիկ կարող են վստահել և գնալ այդ մարդկանց հետևից։ Ապակողմնորոշված լինելուց բացի հայ հանրությունը հիասթափված է։ Հիասթափված է իր էլիտաներից, հիասթափված է մեր դաշնակիցներից,  նույնիսկ մեր թշնամիներից։ Բոլորից, բոլորից և որպես սրա հետևանք, հասարակությունը սկսում է չկարողանալ  խնդիրներ ձևակերպել, պահանջներ դնել իր առաջնորդների առաջ, ինչը մեզ թույլ է տալիս առավոտից երեկո հայհոյել Նիկոլ Փաշինյանին, որովհետև էլիտաները սկսում են զբաղվել իրենց օրակարգով և կտրվում են հասարակությունից։

Մինչդեռ կարևոր ուղերձն այն է, որ Հայաստանը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանը միայն Արարատ Միրզոյանը չէ, Հայաստանը միայն  ընդդիմադիրները չեն, Հայաստանն ամենից առաջ հենց մեր ժողովուրդն է։ Այո, տրամաբանական է, որ պատասխանատուն նրանք են, քանի որ նրանք են իշխանությունը, բայց բավարարվելով նրանով, որ Փաշինյանը տականք է, ստոր է՝ խնդիրը չի լուծվելու։ Օրինակ՝  որպես հանրություն պետք է պահանջել Ռուսաստանից ապահովել Արցախի անվտանգությունը։ Չէ ո՞ր գազատարը փակելով՝ Ադրբեջանը նախ նաև թքում է այն փաստաթղթերի վրա, որի տակ դրված է Պուտինի ստորագրությունը։ Հանրային պահանջ է պետք, դրա արդյուքնում պիտի լինի գործողությունը։

Ռուբեն Մելքոնյան՝ թուրքագետ. Արևելքում պարտվածի ու հաղթածի միջև խաղաղություն չի կարող լինել։

Մանավանդ, որ այդ պարտվածի բանակցությունները շարունակում է վարել պարտվածը։ Պարտվածի «face»-ի հետ կարող է քննարկվել իր կապիտուլացիան ավարտին հասցնելու հարցը, բայց ոչ խաղաղությունը։ Մենք պիտի հստակ հասկանանք, որ այս բանակցություններում նույնիսկ տեսականորեն մենք ոչինչ չենք կարող շահել, որովհետև բանակցում են պարտվածները։ Ի՞նչ Սյունքի անվտանգություն։ Այս երկրում պահվում է ընդամենը մեկ մարդու անվտանգություն։ Գործընկերներս ասում են՝ ի՞նչ անենք իշխանությունները հեռանան։ Իրենց աշխատանքի արդյունքները մենք տեսանք.  Արցախի մի հատվածի կորուստ, հանրային բարոյականության անկում, եկեղեցու թիրախավորում, հոգևորի նկատմամբ ատելություն։ Ինչքան աշխատեցին հերիք է, հիմա իշխանությունը պիտի աշխատի մի ուղությամբ՝աշխատի հեռանալ և մենք այստեղ պիտի օգնենք իշխանությանը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս