ՔՊ-ական ո՞ր պատգամավորին է տվել հափշտակված գումարները «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի կառավարիչը, և ո՞վ պիտի վերադարձնի տուժողների գումարները
Մարտի 15-ին՝ առավոտյան, Շիրակի մարզի և Երևան քաղաքի նախկին դատախազ, այժմ՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հարյուր-հազարավոր դոլարների երկարամյա ավանդներն ու վճարել դրանց դիմաց տոկոսները։
«Ընդ որում, ավանդները բանկից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ յուրացվել են նույն բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից, իսկ դատարանում քննվող քրեական գործով բանկն ունի տուժողի դատավարական կարգավիճակ։ Քաղաքացին, փաստորեն, «մեղավոր» է միայն նրանում, որ խնայված գումարները վստահել է այս բանկին։ Այսինքն, իշխանամերձ այս բանկում նույնիսկ ավանդի վերադարձը երաշխավորված չէ՝ հենց բանկի այդպիսի արտոնյալ կարգավիճակով պայմանավորված»,- գրել էր նա ու հորդորել՝ նկարագրվածը հաշվի առնելով՝ հափշտակություններից, նյութական վնասներից խուսափելու նպատակով, այսուհետև զերծ մնալ «Հայէկոնոմբանկի» հետ որևէ տեսակի գործարք կնքելուց։
Նույն օրը տեղի էր ունենում Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը, որի ժամանակ 168.am-ը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք ծանոթ է խնդրին, և արդյո՞ք այս պարագայում ԿԲ-ն անելիք ունի:
«Ծանոթ չեմ, կծանոթանանք. եթե անհրաժեշտություն լինի միջամտելու… Ուղղակի թույլ տվեք կասկածանքով մոտենամ այն հարցին, որ Հայաստանում այս պահին հնարավոր է իրավիճակ, որ մարդկանց ավանդները որևէ բանկ չվերադարձնի»,- ի պատասխան մեր հարցի՝ նշել էր Մարտին Գալստյանը:
Օրվա ավարտին Րաֆֆի Ասլանյանն անդրադարձավ ԿԲ նախագահի պատասխանին՝ խոստանալով առաջիկա օրերին գրավոր կարգով ԿԲ նախագահին ծանոթացնել իրավիճակին՝ տրամադրելով բոլոր վերաբերելի փաստաթղթերը, այդ թվում՝ նաև բանկի պատասխանը։
Ըստ փաստաբանի՝ «Հայէկոնոմբանկի» Մարտունու մասնաճյուղի կառավարիչը, ըստ մեղադրանքի, յուրացրել է բանկում բազմաթիվ քաղաքացիների կողմից որպես ավանդ դրված առանձնապես խոշոր չափերի գումարը՝ բանկին պատճառելով նույնքան վնաս։ Քրեական գործը ներկայումս քննվում է դատարանում, մասնաճյուղի կառավարիչն ունի՝ ամբաստանյալի, իսկ բանկը՝ տուժողի կարգավիճակ։ Ամբողջ նախաքննության ընթացքում «Հայէկոնոմբանկը» վիճարկել է իրեն տուժող ճանաչելու մասին որոշումը, ամեն կերպ փորձել է տեղի ունեցածը թողնել մասնաճյուղի կառավարչի և հաճախորդների միջև հարաբերությունների տիրույթում, ինչն ակնհայտորեն պատճառված նյութական վնասների հետագա հատուցումից խուսափելու նպատակ է հետապնդել։ Սակայն նախաքննական մարմինը, շարժվելով բացառապես օրենքով, մասնաճյուղի կառավարչի արարքին տվել է պատշաճ քրեաիրավական գնահատական՝ դրա հետևանքները կապելով բանկին պատճառված վնասի հետ, ինչով ըստ էության փաստել է հաճախորդ քաղաքացիներին փոխհատուցելու բանկի պարտականությունը։ Այնուամենայնիվ, ներկայումս ևս «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է կոնկրետ հաճախորդի դիմումի հիման վրա նրան վերադարձնել հափշտակված ավանդը և տարիներով չվճարված դրա տոկոսները՝ պատճառաբանելով, որ այդ հարցին դեռ կանդրադառնա գործի դատական քննության ավարտից հետո։
«Այսինքն, տպավորությունն այնպիսին է, որ բանկը հույս ունի դատական քննության ընթացքում, հայտնի լծակների օգտագործմամբ այնուամենայնիվ խուսափել տուժողի դատավարական կարգավիճակից կամ գոնե ամեն կերպ նվազեցնել պատճառված վնասը։ Այսքանից հետո արդյո՞ք հնարավոր է խոսել «Հայէկոնոմբանկի» բարի համբավի, առողջ բիզնեսի կամ ընդհանրապես օրինական հարստացման մասին, իսկ այդպիսի գործունեությանը նպաստող հանգամանքների վերաբերյալ բոլորս կարող ենք ողջամիտ հետևություններ անել….»,- 168.am-ի հետ զրույցում իր մոտեցումը վերահաստատեց քրեական գործով բանկի հաճախորդներից մեկի փաստաբանը՝ Րաֆֆի Ասլանյանը:
Սրանից երկու օր անց՝ մարտի 17-ին, փաստաբանը տեղեկացրել էր, որ «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի կողմից գրություն է ստացել առ այն, որ քաղաքացու հափշտակված ավանդը բանկի կողմից չվերադարձնելու վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառումը բովանդակում է զրպարտող տեղեկություններ, չի համապատասխանում իրականությանը և արատավորում է բանկի գործարար համբավը, որպիսի պատճառաբանությամբ պահանջել է նույն տիրույթում հերքել հրապարակային գրառումը։
Րաֆֆի Ասլանյանը գրառմամբ հրապարակային հարցադրումներ էր հղել բանկին՝ պահանջելով պարզաբանել, թե գրառման բովանդակության կոնկրետ ո՞ր հատվածն է զրպարտություն կամ իրականությանը չհամապատասխանող:
Հարցերը հետևյալն էին՝
«1) «Հայէկոնոմբանկը» փոխկապակցված է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հե՞տ (մեր երկրի նույնիսկ մեկ տարեկան քաղաքացին գիտի այդ մասին),
2) Բանկի մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների ավանդները՝ բանկին պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնա՞ս (մասնաճյուղի կառավարչի վերաբերյալ քրեական գործը հասանելի է datalex.am տեղեկատվական կայքում, կարող եմ տրամադրել նաև նրա մեղադրանքի որոշումը, գործի մեղադրական եզրակացությունը),
3) Բանկը հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հափշտակված ավանդները և տոկոսները, հետևաբար այս բանկում ավանդների վերադարձը երաշխավորված չէ՞ (առկա է հաճախորդի ներկայացուցչի գրությունը բանկին՝ իր ավանդը և տոկոսները վերադարձնելու վերաբերյալ, ինչպես նաև բանկի հրաժարումը փաստող տվյալը, բացի այդ՝ փաստացի հրաժարման մասին է վկայում այն հանգամանքը, որ գործի ամբողջ նախաքննության ընթացքում բանկը փորձել է խուսափել տուժողի դատավարական կարգավիճակից, որի վերաբերյալ դատավարական փաստաթղթերը նույնպես առկա են),
4) Դատարանում քննվող քրեական գործով բանկի մասնաճյուղի կառավարիչն ունի ամբաստանյալի, իսկ բանկը՝ տուժողի դատավարական կարգավիճա՞կ (համապատասխան դատավարական փաստաթղթերն առկա են),
5) Բանկի այսպիսի վարքագիծը՝ իշխանամերձ և արտոնյալ լինելու արդյունք հանդիսանալու վերաբերյալ իմ ողջամիտ եզրահանգո՞ւմը (տրամաբանող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի նկարագրվածի հիման վրա կարող է այդպիսի գնահատողական դատողություն անել),
6) Այսքանից հետո բանկի հետ գործարքներից զերծ մնալու իմ խորհո՞ւրդը (կարծում եմ, որ քննարկվող իրավիճակում հակառակը խորհուրդ տալու բարոյական իրավունքը որևէ մեկը չունի)։
Առաջարկում եմ սույն գրառմանս անդրադառնալ նույն կամ հրապարակային ձևաչափում կամ առավել ճիշտ վարվել՝ գումարը պահանջող երկարամյա հաճախորդին/ներին օրենքով սահմանված կարգով փոխհատուցել բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից հափշտակված ավանդները՝ տոկոսներով, և դրանով ապացուցել, որ իմ գրառումն իսկապես չի համապատասխանում իրականությանը ու իսկապես բանկն արտոնյալ չէ, ունի գործարար համբավ։ Այդ դեպքում ինքս էլ պատրաստակամ եմ հրապարակայնորեն հերքել իմ գրառումը, նույնիսկ՝ ներողություն խնդրել բանկից։ Հակառակ պարագայում՝ առաջարկում եմ հանդիպել Դատարանում և մամուլի ասուլիսներում»,- նման հարցադրումներով էր հանդես եկել Րաֆֆի Ասլանյանը:
Մեզ հետ զրույցում Րաֆֆի Ասլանյանն ասաց՝ ամեն ինչ այնպես է, ինչպես նշել է ինքը իր գրառումներում:
«Գոյություն ունի մեղադրանքի տեքստ, որի որևէ տառն իմ ասածը չի հերքում»,- ասաց փաստաբանը՝ տրամադրելով բանկի աշխատակցի վերաբերյալ մեղադրանքի բովանդակությունը:
Վերջինս տրամադրեց նաև մարտի 11-ին ՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարչության նախագահ Ա. Խաչատրյանի կողմից տուժողի շահերի ներկայացուցիչներին ուղղված պատասխանի օրինակը, ինչպես նաև մարտի 16-ին տուժող ավանդատուի փաստաբանների գրությունը՝ ուղղված Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին, պատճենը՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարչության նախագահ Ա. Խաչատրյանին:
Տուժող ավանդատուի անունը և ավանդի պայմաններն ու գումարի չափը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում:
Այսինքն՝ բանկը համարում է, որ ավանդատուի պահանջն իր գումարները բանկից պահանջելու մասով անհիմն է, քանի որ ավանդի կեսից ավելին և համապատասխան տոկոսները բանկն իրեն վճարել է:
Հաջորդիվ ավանդատուի շահերի ներկայցուցիչները ևս մեկ գրություն են ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին, պատճենը՝
Ըստ էության խնդրի ողջ էությունն այն է, որ քաղաքացին իր գումարները կոնկրետ անձի, տվյալ դեպքում՝ բանկի աշխատակցին չի տվել, այլ վստահել է բանկին, հետևաբար՝ ցանկացած նմանատիպ ֆորս-մաժորի դեպքում բանկի պարտավորությունն է՝ քաղաքացուն վերադարձնել իր իսկ որպես ավանդ բանկում ներդրած գումարները:
Րաֆֆի Ասլանյանին հարցրեցինք՝ տեղեկություններ կան, որ հափշտակված գումարները մասնաճյուղի կառավարչից վերցրել է ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ի՞նչ կասի այդ առնչությամբ։
«Առայժմ այդ հարցերին անդրադառնալու ժամանակը չեմ համարում»,- պատասխանեց Րաֆֆի Ասլանյանը՝ ըստ էության չհերքելով մեր տեղեկությունը: