«Սփյուռքը պառակտված է. սարսափով եմ պատկերացնում, թե ինչպիսին է լինելու Ապրիլի 24-ն այստեղ». Արա Ղազարյան

ԱՄՆ-ում աշխատանքային գործունեություն ծավալող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանն այլևս չի աշխատում PanArmenian TV-ում:

«Այնպես ստացվեց, որ հեռուստաընկերության ղեկավարությունը որոշեց, որ գործունեության այս հատվածում տեղական արտադրանքի կարիք չունի, ինչը նշանակում է, որ չկա նաև գլխավոր պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանի կարիքը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ որևէ կապ չի տեսնում իր քաղաքացիական ակտիվության և աշխատանքից ազատման հետ:

Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ հայ համայնքի մոտ հիասթափություն կա Նիկոլ Փաշինյանից, բայց դա որևէ գործողությամբ չի դրսևորվում.

«Երբ սկսվեց հեղափոխությունը, այստեղ շատ բուռն ընդունվեց, մարդիկ միտինգներ, տոնախմբություններ էին կազմակերպում: Ինձ մի քանի անգամ առաջարկել են մասնակցել, խոսք ասել, կազմակերպիչները կարևորում էին իմ ներկայությունը, անպայման ուզում էին, որ ելույթ ունենամ, ես չեմ համաձայնել, և որևէ նման հավաքի իմ ներկայությունը չկա:

Փառք Աստծո, բոլոր նման հավաքները տեսագրված են, որևէ հավաքի ես չեմ մասնակցել մի պարզ պատճառով, որովհետև հավաքի կազմակերպիչներից և ոչ մեկի հետ ես չէի պատրաստվում հարթակ կիսել:

Երբ ես հարթակ եմ կիսում որոշակի խմբի հետ, պետք է գոնե նրանցից մեկի կամ երկուսի հետ համախոհ լինեմ և նայեմ նույն ուղղությամբ: Առաջին իսկ օրվանից ես զգում էի, որ այնքան էլ ճիշտ չեն զարգանում գործընթացները: Հետո, երբ սկսեցի իմ դիրքորոշումներն ակտիվ ներկայացնել Ֆեյսբուքում, նաև՝ իմ հաղորդումներում, որովհետև այդ շրջանում ամենատարբեր հյուրեր ունեցա նաև իշխող կուսակցությունից, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը և այլն, և փորձում էի իմ հարցադրումները ներկայացնել: Դա շատ ցավոտ ընդունվեց Սփյուռքում, որովհետև գաղտնիք չէ, որ մտածող և բարեկիրթ հասարակությունը շատ ավելի պասիվ է իր դրսևորումներով: Նրանք ուղղակի հիանում են և անցնում առաջ, համաձայնում են, նայում են, գնահատում են, բայց դա անում են շատ զուսպ, իսկ հակառակ կողմը շատ ակտիվ է իր դրսևորումների մեջ. Նրանք կարող են զանգահարել, սպառնալ, այցելել: Նման իրավիճակում ես ևս բազմիցս հայտնվել եմ, անգամ բաց համարներից են զանգահարել և սպառնացել, ես այցելել եմ նաև ոստիկանություն, հատուկ հայտարարություն եմ արել, restraining order է դրվել այն մարդկանց վրա, ովքեր սպառնում են ինձ, և եթե նրանք ինձ որոշակի հեռավորության վրա մոտենան, կձերբակալվեն: Նման մարդիկ կան, և ես այլ ճար չունեի»:

Պրոդյուսերը նշեց, որ 2018թ. հեղափոխությանը մասնակցած, իսկ դրանից հետո Հայաստանից ԱՄՆ տեղափոխված շոու-բիզնեսի ներկայացուցիչները փոշմանել են, և փորձում են դրանով արդարացնել իրենց ԱՄՆ մեկնելը.

«Նրանք գալիս ու գալիս են, երբ ես դրա մասին խոսում եմ, միանգամից բերանս փակում են՝ ասելով, թե՝ դու ես գնացել: Ես 2000 թվականին եմ տեղափոխվել ԱՄՆ, և երբ մենք փորձում էին նկարահանել «Էմիգրանտներ» հեռուստասերիալը, ամենամեծ խնդիրը փորձի պակասը չէր, այլ դերասանների պակասը, չկային դերասաններ: Երիտասարդ կամ միջին տարիքի դերասաններ չկային: Այսօր միաժամանակ կարող ենք այստեղ 4-5 հեռուստասերիալ նկարահանել, այստեղ առանձին վերցրած Երգի պետական թատրոն կարող ենք բացել, որովհետև առաջնակարգ աստղեր այսօր Լոս Անջելեսում ավելի շատ են, քան Հայաստանում, կամ հավասար են: Այս մշակութային հոսքը դեպի Լոս Անջելես գնալով ահագնանում է ու, համենայնդեպս, ինձ համար դառնում է մի փոքր անհանգստացնող»:

Գրին քարտի խաղարկության օրերին ֆեյսբուքյան իր էջում Արա Ղազարյանը գրել էր. «Հետաքրքիր է, «ապագա» ընտրածների քանի՞ տոկոսն ա գրին քարտի խաղարկության  հայտ ներկայացրել… Ասում են, այս տարի ՀՀ-ից խաղարկության մասնակիցների թիվը չտեսնված շատ ա եղել… Իսկ Մեքսիկայից՝ ԱՄՆ անօրինական ճանապարհով հայերի հոսքն աննախադեպից թևակոխել է «աննախադեպ-լեվլ գադ» աստիճանի…  Դե «Սադախլոի սումկեքով» one way ticket-ով դեպի ռուսաստաններ մեկնողների մասին էլ չասեմ…»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են այդ մարդիկ հեռանում Հայաստանից, չէ՞ որ նրանց մեծ մասը պատերազմից հետո էլ գնաց և վերընտրեց գործող իշխանություններին և ասում էին, որ «ապագա կա»:

«Հիմնականում այն մարդիկ են գործող իշխանություններին ընտրել, ովքեր սոցիալապես վատ վիճակում էին, եթե հիշում եք հրապարակում հավաքվածների դեմքերը, հիմնականում կային մարդիկ, ովքեր 50 տարեկան էին, բայց 70 տարեկանի տեսք ունեին, անատամ էին, և դա լավ կյանքից չէ: Մարդկանց որոշակի խումբ շատ վատ է ապրել Հայաստանում, և այդ հատվածն այսօր շատ ավելի խոցելի դարձավ, որովհետև նրանք պատկերացնում էին, որ իրենց կյանքը ամբողջովին փոխվելու է: Դա տեղի չունեցավ, և ամենաշատը հենց այդ խավը վնասվեց: Դրա համար հենց այդ խավն էլ բոլոր հնարավոր ուղիներով փորձում է գտնել ելք և արտագաղթել: Այսօր նրանք ունեն հացի խնդիր. Որևէ կերպ չի բարելավվել նրանց կյանքը, նրանք այսօր էլ ավելի խոցելի վիճակում են: Քանի որ մենք բոլորս հայ ենք և դժվար ենք ընդունում մեր սխալները, նրանց բոլորի համար դժվար է բարձրաձայնել իրենց սխալ ընտրությունը: Մեր խնդիրն այն է, որ շատերը 2018թ. հրապարակ գալով՝ ոչ թե երազում էին լավ ապրելու մասին, այլ երազում էին մի օր լավ ապրողներին սոված տեսնելու մասին»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ վստահաբար հենց այդ մտքով էլ երկրորդ անգամ ընտրեցին Փաշինյանին:

Արա Ղազարյանը նշեց, որ շատերի դիտարկմամբ՝ Սփյուռքում ապրող մարդիկ լավն են այնքան ժամանակ, քանի դեռ նյութական օգնություն են տրամադրում Հայաստանում ապրողներին. «Բայց հանկարծ առանձին դրսևորումներ են լինում Սփյուռքից խոսելու, միանգամից մեր բերանը ծեփում են, ասում են՝ դու գնացել ես, իրավունք չունես խառնվելու ամենատարբեր գործընթացներին: Սփյուռքը այսօր ծայրահեղ պառակտված է, թուլացած է: Ես վախենում եմ պատկերացնել՝ ինչպիսին է լինելու Ապրիլի 24-ը այստեղ: Մենք ամեն տարի ուղղակի կոտորվում էինք էդ օրերին և չէինք հասցնում ուղիղ եթերներ Լոս Անջելեսի ամենատարբեր կետերից ապահովել, որովհետև ամենատարբեր կետերում հսկայածավալ միջոցառումներ էին կազմակերպվում՝ ամերիկյան ամենակարկառուն դեմքերի մասնակցությամբ:

Այս տարի ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչպիսին է լինելու Ապրիլի 24-ը, որովհետև նախ՝ Հայաստանից գալիս են ամենատարբեր ուղերձներ՝ հարաբերությունների կարգավորման հետ կապված, Հայաստանից փափուկ բարձեր են դրվում մարդկանց գլխի տակ, Հայաստանից ամենատարբեր կերպ Սփյուռքին բամբակով մորթելու գործընթաց է գնում՝ հաճույքով, անցավ պառակտվում ենք, և բամբակով մորթվելու գործընթաց է գնում: Ես երբեք կուսակցական չեմ եղել, բայց միշտ ասել եմ, որ եթե կա որևէ կուսակցություն, որին ակնածանքով եմ վերաբերվում, դա Դաշնակցությունն է, մի պարզ պատճառով, որովհետև նրանք Սփյուռքի կյանքում միշտ ունեցել են կարևորագույն դերակատարություն:

Տարիներ շարունակ տեսել ու հանդիպել եմ անձնուրաց մարդկանց, որոնք մինչև վերջ նվիրված են այդ գործին և ֆանատիկորեն հավատում են Հայ դատի հաղթանակին: Այսօր, ես ցավով ուզում եմ նշել, որ անգամ ամենատարեց, ամենափորձառու կուսակցությունը՝ Դաշնակցությունը, որին ես միշտ համակիր եմ ինձ համարել, պառակտված է: Անգամ այդ կուսակցության ներսում կան որոշակի տարաձայնություններ, խժդժություններ, դատական հայցեր, ունեցվածքի հետ կապված պրոբլեմներ և այլն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս