«Էլ ի՞նչ զրոյական կետ, ամբողջ երկիրը տվել է․ 0-ն էն ա երևի, որ Հայաստանը տա Թուրքիային ու վերջանա․․․»․ Գոռավանի բնակիչ

168.am-ի նկարահանող խումբը մարտի 17-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում էր։ Չնայած արդեն գարուն է, և թվում էր, թե մարդիկ արդեն պետք է այգիներում զբաղված լինեին հողը մշակելով, բայց շատ քիչ մարդ գտանք դրսում, հավանաբար ցուրտ եղանակն էր պատճառը: Այդուամենայնիվ գյուղամիջում հանդիպեցինք մի կնոջ՝ Հասմիկ Թադևոսյանին, բնականաբար, մեր առաջին հարցը հենց վերաբերում էր Գոռավանի բնակիչների կյանքին, ինչո՞վ են ապրում, օրն ինչպես են անցկացնում, ինչ դժվարություններ ունեն․

«Կյանքը շատ լավ է, գյուղը շատ սիրուն գյուղ է, դժվարություններ բոլոր տեղերում էլ կան, մեր գյուղի հիմնական դժվարությունը ոռոգման ջուրն է։ Ճիշտ է, խմելու ջուրն էլ է պրոբլեմ՝ ժամերով է գալիս, բայց ոչինչ, հիմնական պրոբլեմը ոռոգման ջուրն է։ Դաշտերը չորանում են, մեծամասնությունը ջուր չլինելու պատճառով չեն մշակում»։

Տիկին Հասմիկին հարցրեցինք նաև, թե հատկապես վերջին շրջանում սննդամթերքի մի քանի անգամ թանկացումն ինչ ազդեցություն է ունեցել իրենց կենցաղի վրա, նա կրկին պատասխանեց, թե թանկացումը միայն իրենց գյուղում չէ, որ եղել է.

«Թանկացումներ բոլոր տեղերում էլ կան, Հայաստանով մեկ թանկացում է, դժվար է այդ հարցը լուծել։ Այս պահին թանկացել է ՝ կարագը, պեսոկը, ալյուրը, պարենեղենը, համարյա թե ամեն ինչը։ Մեկն աշխատում է, մեկը չի աշխատում, մի կերպ հասցնում ենք, ամեն մեկից քիչ-քիչ ամեն օրվա առևտրով բերում-հասցնում ենք»։

Լավ, իսկ Կառավարության աշխատանքը ո՞նց եք գնահատում, հարցրեցինք գոռավանցի կնոջը․

«Կառավարության աշխատանք մենք առայժմ չենք տեսնում, հազիվ իրար են բզկտում, ուրիշ բան չկա։ Կառավարությունն ի՞նչ է անում այսօր ժողովրդի համար, մենակ իրենց աթոռի կռիվ է, ուրիշ ոչ մի բան։ Մեր մարզում համարյա թե անտերություն է, ի՞նչ են անում մարզում ժողովրդի համար, ոչ մի բան, ոչ մեկին ոչ հետաքրքիր է՝ ժողովուրդն ինչով է զբաղվում, ի՞նչ է անում, ո՞նց է ապրում, էդ ա կառավարությունը։ Մենք լավ բան չենք տեսնում համենայն դեպս․․․

Հիմա հույսներս դրել ենք Սպարտակի վրա, որ գա մեր համայնքը շենացնի, իրեն իր աշխատանքով ավելի շատ գիտենք, ժամանակին իր գյուղում աշխատել է ինչքան նվիրված, գյուղը ծաղկեցրել է, հիմա ուզում ենք, որ ինքը լինի մեր համայնքում, որ բոլորին օգնի, ժողովուրդը հասնի իր նպատակին․․․»։

Խոսեցինք նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուի վերաբերյալ՝ Գարիկ Սարգսյանի, որ դեռ նախորդ ընտրությունների ժամանակ հայտարարել էր, թե վերադառնում է մարզ իր կիսատ թողած գործը՝ հեղափոխությունը ավարտին հասցնելու համար, տիկին Հասմիկը մեր փոխանցած տեղեկությանն այսպես արձագանքեց․

«Ինչի՞ հեղափոխություն են անում, բոլորս հայ ենք, հեղափոխությունը ո՞ր մեկն է, հո թուրքի հետ սահման չե՞նք խախտում, հեղափոխության իմաստը չենք հասկանում, ո՞րն է, որ ինքը հեղափոխություն է անում․․․ Եկե՛լ է, էս ինչքան ժամանակ է՝ անօրինական նստած է, բայց ի՞նչ է արել մեկի համար, ո՛չ մի բան, բոլորն անօրինական նստել են ժամանակավոր․․․»։

Հետաքրքիր էր իմանալ նաև, թե ինչ տեղեկություն ունեն գյուղում մարդիկ քաղաքական անցուդարձից, օրինակ, ինչ են կարծիքի են Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանի մասին կամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի ու նաև թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնած այն մտքի մասին, թե իբր հայ ժողովուրդը պատրաստ է թուրքերի հետ հարաբերությունների հաստատմանը․

«Այդ գործընթացին ո՞նց կարող ենք պատրաստ լինել, որ այսքան զոհեր ենք տվել, այդքանից հետո թուրքի հետ նորմալ հարաբերություններ ո՞նց կարելի է հաստատել։ Ո՞նց կարելի է ընդամենը 1 տարվա ընթացքում մոռանալ։ 100 տարի անցել է ցեղասպանությունից, բայց ժողովուրդը չի հաշտվում․․ Երեխեքի արյունը տվեցին ոտքի տակ, թուրքի հետ հարաբերությո՞ւն կհաստատեն։ Էս չի՞ մեր կառավարությունը․․․»։

Գոռավանցի կնոջը հարցրեցինք, թե ստեղծված իրավիճակից ելքն իր կարծիքով՝ որը կարող է լինել․

«Կառավարությունը փոխվի, նոր մարդիկ նստեն, այս երկրի մասին մտածեն։ 30 տարի պատերազմն ավարտվել էր, մարդիկ բանակցելով ապրում էին, էլի թող բանակցեին, ոնց որ այն ժամանակ, ոչ թե մեր եղած հողերը լրիվ տվեցին թուրքին, նրանք էլ եկան նստեցին։ Էլ ի՞նչ զրոյական կետ, ամբողջ երկիրը տվել է, թուրքն եկել լցվել է, էլ 0-ն ո՞ր մեկն է, 0-ն էն ա երևի, որ Հայաստանը տա Թուրքիային, ու վերջանա․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս