Ո՞վ է նախաձեռնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը և ինչո՞ւ
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի արևմտյան շփումների շարանին հաջորդեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը:
Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ Կառավարության փոխանցմամբ, հայ-ռուսական բարձրաստիճան հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
«Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր»,- ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում:
Ինչպես միշտ, ուշագրավ է դիտարկել, թե հեռախոսազրույցի բովանդակությունն ինչպես ու ինչպիսի շեշտադրումներով է տարածում ռուսական կողմը, և ինչ տարբերություններ են տեղ գտնում ՀՀ Կառավարության և ՌԴ նախագահականի տարածած հաղորդագրություններում:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքի՝ Կրեմլինի հաղորդմամբ՝
- Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանման և Հարավային Կովկասում տրանսպորտաենթակառուցվածքային կապերի վերականգնմանն առնչվող հարցեր։
- Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված՝ վերջին շրջանում ունեցած շփումների մասին։
- Հաստատվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցության հետագա ամրապնդման փոխադարձ մտադրությունը։
- Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։
Հատկանշական է՝ այս զրույցը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի արևմտյան բարձրաստիճան շփումների ակտիվության ֆոնին, և ոչ պատահականորեն այդ շփումների մասին մեկ պարբերությամբ շեշտված է Կրեմլինի տարածած հաղորդագրությունում:
Հարկ է նաև նշել, որ սովորաբար Կրեմլինի հաղորդագրությունները բարձրաստիճան հեռախոսազրույցների վերաբերյալ պարունակում են մանրամասներ, որոնք ընդգծում են Ռուսաստանի հետ տվյալ երկրի հարաբերությունների բնույթը: Սովորաբար, երբ նման հեռախոսազրույց նախաձեռնում է ոչ Ռուսաստանի Դաշնությունը, Կրեմլինի հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցը եղել է հակառակ կողմի նախաձեռնությամբ:
Փաշինյան-Պուտին քառամյա ինտրիգային «կապերը» և ընդհանուր առմամբ ինտենսիվ շփումների բացակայությունը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում, այդ պատճառով հավելյալ հետաքրքրություն է հարուցում, թե ով է շփման նախաձեռնող կողմը:
Այս դեպքում նման տեղեկատվություն Կրեմլինը չի տրամադրում, որից կարելի է ենթադրել, որ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, ինչը հայկական կողմի արևմտյան ակտիվության պայմաններում կարևոր հանգամանք է: Բացի այդ, արդեն մեկ շաբաթ էր, ինչ Արցախում չէր լուծվում Ադրբեջանի կրակահերթերի հետևանքով վնասված գազատարի վերանորոգման հարցը, որի պատճառով Արցախի բնակչությունը զրկված էր գազից, Ադրբեջանը թույլ չէր տալիս մոտենալ և վերանորոգել վնասված հատվածը, և միայն երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Արցախում սկսվել են վնասված գազի խողովակի վերանորոգման աշխատանքները։
Հարկ է նշել, որ հեռախոսազրույցը և այս հարցի լուծումը համընկավ, սակայն պնդել, որ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը քննարկվել է Փաշինյան-Պուտին մակարդակում, հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ, բացի ավելի վաղ ունեցած շփումներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Փաշինյանը վերջին տասնօրյակի ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ով զուգահեռաբար խոսել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել էր նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ կրկին վերջերս Հայաստանը դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ վերսկսելու բանակցային գործընթաց, այդ թվում՝ Երևանի և Բաքվի միջև Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: