«Եթե որոշակի սոցոլոգիական հարցումներ կան, ապա դրանցից կարելի է ամեն ինչ պարզել». Թուրքագետը՝ ԱԳՆ հայտարարության մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է, որպեսզի Թուրքիայի հետ կարգավորի հարաբերությունները։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։

Երկու կողմերի պաշտոնյաները պետք է քաղաքական առաջնորդություն ստանձնեն այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ: Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, և ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Քրիստինե Մելքոնյանն անդրադառնալով Արարատ Միրզոյանի այս հայտարարությանը՝ նախ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հարցումների վրա են հիմնված ԱԳ նախարարի այդ պնդումները, հետևաբար՝ որևէ բան ասել չի կարող։

«Եթե որոշակի սոցիոլոգիական հարցումներ կան, ապա այդ հարցումներից կարելի է  ամեն ինչ պարզել։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է ավելի բաց քաղաքականություն իրականացնի, և եթե հասարակությունը պահանջի, պետք է կառավարությունն այդ արդյունքները հրապարակի։ Եթե նման հայտարարություն է արվել, կառավարությունը պետք է բաց քաղաքականություն վարի»,- նշեց Քրիստինե Մելքոնյանը։

Ըստ նրա, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, հայկական կողմն առաջին հերթին պետք է հաշվի առնի Հայաստանի պետական շահը, քանի որ այս ամենը էական նշանակություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման դեպքում։

«Եթե մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների, ուրեմն՝ պետք է ներկայացնենք մեր նախապայմանները, քանի որ ինքս այն կարծիքին եմ, որ Թուրքիան առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները չի բարելավելու։

Կարծում եմ՝ եթե այս պայմաններում Թուրքիայի հնչեցրած նախապայմաններով ենք գնում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, հնարավոր է՝ երկրում տեղի ունենա և՛ տնտեսական, և՛ քաղաքական ճգնաժամ։ Ավելին՝ մինչ բանակցություններ սկսելը կառավարությունը պետք է փորձագետների հետ քննարկումներ կատարեր, այսինքն՝ տեղի ունենար հանրային քննարկում»,- հավելեց Քրիստինե Մելքոնյանը։

Միաժամանակ թուրքագետը նաև ընդգծեց, որ առանց Արցախի հարցի նախապայմանի Թուրքիան երբեք Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի։

«Կարծում եմ՝ Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում կլինի օրակարգային, հետևաբար՝ մենք նախևառաջ պետք է մտածենք Արցախի կարգավիճակի մասին, և կրկնում եմ՝ մեր կողմից ևս պետք է նախապայմաններ ներկայացվեն»,- եզրափակեց Քրիստինե Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս