«Այդ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ, այո՛, ՀՀ իշխանությունը գտնում է, որ պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս». Բենիամին Պողոսյան
Արցախում ճգնաժամային իրավիճակ առաջացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանը հրապարակայնացրեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան իր հերթին՝ Հայաստանին հորդորում է ընդունել Ադրբեջանի պայմանները: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զբաղվելու մանդատ չունի:
«Մանդատը 1995թ. մարտին է հաստատվել, և այնտեղ խնդիրը վերաբերում է արցախյան կամ ԼՂ հակամարտությանը: Հետևաբար՝ ինչո՞ւ ենք դիմում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ անհասկանալի է, առավել ևս, որ 2020թ. արցախյան պատերազմից հետո Մինսկի խումբը կամ համանախագահությունը, պատկերավոր ասած՝ վերակենդանացման բաժանմունքում էր, որովհետև բոլորն էին հասկանում, որ այն առաջարկությունները, փաթեթները, որ մշակվել էին մինչ 2020թ. սեպտեմբեր, այլևս չեն կարող կիրառվել պատերազմից հետո, նոր առաջարկություններ չէին մշակվում, հետևաբար՝ Մինսկի խումբը ոչ գործունակ էր: Իսկ Ուկրաինայում պատերազմից հետո, երբ մենք տեսնում ենք Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սառեցում կամ առնվազն՝ տնտեսական պատերազմ, իսկ Ուկրաինայում՝ նաև տաք պատերազմ, հիմա ակնկալել, որ առանց այդ էլ վերակենդանացման բաժանմունքում գտնվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ինչ-որ ակտիվություն կցուցաբերեն, մեղմ ասած՝ միամտություն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ կառավարությունը գուցե մտածում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն վերակենդանացման բաժանմունքից դուրս չի գա, և կարելի է պարզապես ժամանակ շահել.
«Գուցե դա է տրամաբանությունը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հիմա ոչինչ անել չի կարող, Հայաստանն էլ կասի՝ մենք պատրաստ ենք, բայց միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Դե, եթե համանախագահները վերակենդանացման բաժանմունքում են, եկեք 1-2 տարի սպասենք, գուցե վերակենդանացման բաժանմունքից դուրս գան: Գուցե հաշվարկը դա է, որովհետև հակառակ պարագայում իսկապես անհասկանալի է, թե այստեղ ինչ կապ ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջարկներին, նա նշեց, որ այդտեղ որևէ նորություն չկար, ստանդարտ ձևակերպումներ էին, որոնց ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս.
«Մեր արձագանքը. մենք նորից հայտարարում ենք, որ դեռևս 1991թ. ԱՊՀ ստեղծման համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մոռանալով, որ որևէ համաձայնագրով որևէ պետություն մեկ այլ պետության տարածքային ամբողջականություն չի ճանաչում: Երկրորդ՝ մենք հայտարարում ենք, և ԱԳ նախարարն այսօր իր հարցազրույցում ասել էր, որ մեզ համար Արցախի խնդիրը տարածքային խնդիր չէ, դա արցախահայության սեփական բնօրրանում անվտանգ ապրելու հարց է. սա էլ է վտանգավոր, որովհետև նախ՝ անհասկանալի է՝ ո՞ր արցախահայության մասին է խոսքը, և ո՞ր տարածքում, այսինքն՝ դա վերաբերո՞ւմ է արցախահայությանը, օրինակ՝ Հադրութի շրջանում կամ Շահումյանի ենթաշրջանում: Այսինքն՝ նախ՝ տարածքային իմաստով լրիվ անհասկանալի վիճակ է, և երկրորդ՝ ի՞նչ է նշանակում՝ իրավունքների պաշտպանության հարց:
Ենթադրենք, հիմա Ադրբեջանն ասում է՝ ես պատրաստ եմ երաշխավորել ազգությամբ հայ Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները՝ համաձայն Եվրոպայի խորհրդի Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի, այո, Ստեփանակերտում ապրող հայերը կարող են սովորել հայոց լեզու, պատրաստ եմ Ստեփանակերտի ռադիոյում ունենալ հայալեզու հաղորդումներ, և այլն: Նման արտահայտությունները, որ մեզ համար դա իրավունքների խնդիր է, խնդիրն Արցախի կարգավիճակից դեպի Ադրբեջանի տարածքում ապրող Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող հայազգի անձանց իրավունքների պաշտպանության ոլորտ, ինչը նաև միջազգային հանրությանը կարող է ձեռնտու լինել, որովհետև էականորեն խնդրի սրությունը փոխվում է, իսկ արդեն ո՞ր իրավունքները պետք է պաշտպանվեն, ինչպե՞ս, ո՞վ դա կերաշխավորի, դա արդեն դառնում է լղոզված գործընթաց»:
Հարցին՝ Հայաստանի իշխանությունների արձագանքից Ձեզ համար հասկանալի՞ է, թե Հայաստանի համար որքանո՞վ են ընդունելի Ադրբեջանի ներկայացրած պայմանները, նա պատասխանեց. «Հայաստանի արձագանքից և նաև վարչապետի վերջին երկու ֆեյսբուքյան ասուլիսներից, երբ լրագրողներ չկային, բայց տրվում էին հարցեր, վարչապետի հայտարարություններից, որ Արցախը կորցրել է որևէ հնարավորություն՝ չլինելու Ադրբեջանի կազմում, կարելի է ենթադրել, որ՝ այո՛, ՀՀ-ն գտնում է, որ պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և պայքարել այնտեղ ապրող հայազգի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, փորձել միջազգային հանրության ներգրավմամբ հասնել այդ մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Սա, իհարկե, շատ վտանգավոր է, որովհետև հենց Հայաստանը ասաց, որ Արցախն Ադրբեջան է, ապա Արցախից հայերի հեռացման գործընթացը, որն առանց այդ էլ կա, հաշվի առնելով քաղաքական անորոշությունը, իսկ վերջին շրջանում նաև՝ տնտեսական շատ ծանր վիճակը և սոցիալ-տնտեսական հումանիտար աղետը կամ աղետին շատ մոտ գտնվելը, արդեն կա պրոցես Արցախի հայերից հեռանալու, և դա սկսվել է 2020թ. նոյեմբերի 10-ից: Հիմա, եթե ՀՀ-ն հայտարարում է արցախցիներին, որ՝ լավագույն դեպքում դուք կարող եք հույս ունենալ, որ Ադրբեջանի անձնագիր ստանալուց հետո ձեզ կթողնեն դպրոցներում հայերեն սովորել, չնայած՝ տնօրենները պետք է լինեն ադրբեջանցի, պարզ է, որ դա հստակ ուղերձ է լինելու այն մարդկանց, որ՝ եթե ունեք մտածելու մինիմալ ունակություն, հավաքեք ձեր իրերը և հեռացեք Հայաստան կամ աշխարհի ցանկացած կետ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում