«Արտաշիրմում արած ոսկոր են ինձ տվել, ինչքանո՞վ է ճիշտ, որ ես այդ ոսկորը վերցնեմ»․ անհետ կորածի մայր

2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից շուրջ 1.5 տարի է անցել, սակայն Հայաստանի տարբեր դիահերձարաններում շարունակում են մարմիններ և մասունքներ մնալ։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ լրագրողների հետ զրույցում հերթական անգամ անդրադառնալով այս թեմային՝ ընդգծել է, որ  մասունքները փոձաքննության են ենթարկվել և նույնականացվել, սակայն ծնողները հրաժարվում են դրանք վերցնել․

«Ունենք դեպքեր, երբ նույնականացվել է, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի անգամ այլ երկրներում էլ հաստատվել է, բայց հարազատները դեռ պատրաստ չեն վերցնել աճյունները և հուղարկավորությունն իրականացնել»։

Թե քանի՞ մարմին և մասունք է այժմ պահվում դիրահերձարաններում, Ավանեսյանն ասաց՝ իրավասու չէ պատասխանել, և հորդորեց լրագրողներին քննչական մարմիններից ճշտել այդ տեղեկությունը։

Իսկ Քննչական կոմիտեն շուրջ 1 ամիս առաջ 168.am-ի գրավոր հարցմանը պատասխանել էր․

«2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվականը կազմում է 3812 անձ։ Զոհված 3812 անձանցից 1421-ի ինքնությունը պարզվել է իրականացված դատագենետիկական փորձաքննությունների արդյունքներով։

Զոհված 3812 զինծառայողներից 94-ի հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված զինծառայողների մարմինները։

22.02.2022 թվականի դրությամբ անհայտ է 196 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը»։

Ստացվում է, որ համապատասխան կառույցները պատշաճ ձևով կատարել են իրենց աշխատանքը, սակայն ծնողները զուտ էմոցիոնալ ֆոնի վրա չեն վերցնում և չեն հուղարկավորում նույնականացված մասունքները՝ մտածելով, որ իրենց որդիները ողջ են։ Իսկ գուցե ա՞յլ պատճառ կա, որ ծնողները հրաժարվում են նույնականացված մասունքները վերցնել, օրինակ՝ անվստահությո՞ւնը:

168.am-ը դեռ նախորդ տարի էր գրել, որ որոշ ծնողներ ահազանգում են ԴՆԹ թեստերի սխալ լինելու վերաբերյալ, այդ ամենը ներկայացնում էին փաստերով։ Քանի որ որևէ գերատեսչությունից արտաշիրմման վերաբերյալ մեր հրապարակումներին արձագանք չէր լինում, ուստի 168.am-ը Քննչական կոմիտեին ուղղված գրավոր հարցման մեջ այս խնդրի վերաբերյալ էր հարցադրում արել։

«Դեռ նախորդ տարի որոշ ծնողներ ահազանգում էին, որ հուղարկավորությունից ավելի ուշ պարզել են, որ հողին են հանձնել բոլորովին այլ զոհվածի մասունքներ, մինչդեռ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից նախ ծնողներին վստահեցրել էին, թե Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների մասունքներից վերցված փորձանմուշները 100%-ով համընկնում են ծնողների հանձնած ԴՆԹ թեստերի հետ, իսկ ծնողների ահազանգերից հետո Դատաբժշկական գիտագործնական կենտրոնից նրանց ընդամենը պատասխանել էին, թե սխալմունք է եղել, և ստիպված արտաշիրմում է արվում: Մինչ օրս քանի՞ արտաշիրմում է արվել, ո՞վ է պատասխանատու այդ սխալի համար, արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է այդ կոպիտ սխալի համար»,- գրել էինք մեր հարցման մեջ։

Ի դեպ՝ ծնողները 168.am-ի հետ զրույցում հաստատել էին արտաշիրմման փաստը, անգամ տեսանյութ էին տրամադրել։

Քննչական կոմիտեն, սակայն, արտաշիրմման հարցն անպատասխան է թողել՝ նշելով՝ տեղեկատվություն չեն կարող տրամադրել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

168.am-ն այսօր զրուցեց 2020 թվականի հոկտեմբերի 21-ից անհետ կորած համարվող Հովհաննես Ներսիսյանի մոր՝ տիկին Կարինեի հետ։ Թեև շուրջ 1 տարի առաջ նրանց ևս տեղեկացրել են, որ փորձաքննության արդյունքներով հաստատված մասունքներ կան, սակայն ծնողները հրաժարվում են այն վերցնել․

«Ես սպասում եմ՝ բոլոր գերիները գան, համոզվեմ՝ իմ տղան կա՞, թե՞ չկա, նոր այդ ոսկորն ամենավերջում կվերցնեմ․․․ Արտաշիրմում արած ոսկորը հանել, տվել են ինձ, ինչքանո՞վ է ճիշտ, որ ես այդ ոսկորը վերցնեմ։ Բա ինձնից առաջ ինչո՞ւ էին տվել մեկ այլ ծնողի։ Հա՛րց եմ տալիս, ինչքանո՞վ է ճիշտ՝ արտաշիրմում արած ոսկորը ես վերցնեմ։ Կանչեցին Վեդի, գնացի, ասացի՝ բա ես մինչև այս պահը համընկնում չունեի, սա ի՞նչ է, պատասխանեցին՝ արտաշիրմում արածն է․․․

Էլի եմ ասում, մինչև վերջին գերին չգա, ես չհամոզվեմ, որ իմ տղան չկա, չեմ պատրաստվում այդ ոսկորը վերցնել։ Գերությունից վերադարձած տղերք ունենք, ասում են՝ տեսել են, որ թուրքի ավտոն Հովիկին տարել է, ես այդ ոսկորը ո՞նց վերցնեմ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս