Ինչո՞ւ է կառավարությունը որոշել վերադառնալ նախկինում «կոռուպցիոն» որակած ծրագրերին
Իշխանափոխությունից հետո կառավարությունը հրաժարվեց հողօգտագործողներին կամ գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի, սերմերի, դիզվառելիքի գների սուբսիդավորման տեսքով տրամադրվող օժանդակության ծրագրերից։ Այն ժամանակ դա հիմնավորում էին այդ ծրագրերի կոռուպցիոն բնույթով։ Հայտարարում էին, որ դրանք չարաշահումների հետ կապված լուրջ ռիսկեր են պարունակում, բացի այդ էլ՝ արդյունավետ չեն։
Ուստի որոշեցին նախապատվությունը տալ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը։
Գյուղվարկերի սուբսիդավորում նախկինում էլ էին իրականացնում, բայց իշխանափոխությունից հետո դրանք դարձան համատարած։ Գյուղատնտեսական գրեթե բոլոր ծրագրերում առաջնահերթությունը տալիս էին վարկերի սուբսիդավորմանը։
Էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ պետության կողմից սուբսիդավորվող էժան վարկերը փոխարինել են գյուղացիական տնտեսություններին տրվող աջակցության նախկին բազմաթիվ այլ ծրագրերին:
«Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից՝ պարարտանյութ, սերմացու, դիզվառելիք և այլն»,- երբ դեռ նոր էր մեկնարկել համավարակը՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների քննարկումների ժամանակ հայտարարում էր Վահան Քերոբյանը։
Այս հայտարարությունից 2 տարի անց նույն Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղացիական տնտեսություններին մատակարարվող պարարտանյութի գնի սուբսիդավորման ծրագիր։ Նույն այնպիսի ծրագիր, որը նախկինում համարում էր կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող։
Թե ո՞ւր մնացին այդ կոռուպցիոն ռիսկերը, հավանաբար գիտի միայն Վահան Քերոբյանը։
Խնդիրն ամենևին էլ ծրագրի մեջ չէ։ Պարարտանյութի շուկայում ստեղծված իրավիճակում դա այն նվազագույնն է, որը պարտավոր էր անել կառավարությունը։
Նորմալ է, որ պարարտանյութի գները գյուղացիական տնտեսությունների համար պիտի սուբսիդավորվեն։ Խնդիրն այն երկակիության մեջ է, որը ցուցաբերում են մեր պաշտոնյաները նույն երևույթների վերաբերյալ. եթե նախկիններն են արել, պարտադիր վատ է ու մեջը կոռուպցիա կա, իսկ եթե իրենք են անում, ամեն ինչ մաքուր է ու անարատ՝ զերծ կոռուպցիայից ու կոռուպցիոն ռիսկերից։
Նախկինում եղած վատի հետ լավն էլ մերժելու արատավոր պրակտիկան, որը որդեգրել են այս իշխանությունները, մեզ բերեցին-հասցրեցին ահա այս օրվան։
Այնպես չէ, որ հիմա խելքի են եկել։ Պարզապես գյուղացուն օգնելու միակ խելամիտ տարբերակն այս պարագայում պարարտանյութերի գների սուբսիդավորումն է։
Տարիներ էին պետք հասկանալու համար, որ վարկերի սուբսիդավորումը չի կարող փոխարինել գների սուբսիդավորմանը։ Դրանք բոլորովին տարբեր նշանակություն ունեն գյուղացիական տնտեսությունների համար։ Հատկապես որ, նույն վարկերի սուբսիդավորման ծրագրերն այնտեղ են հասցրել գյուղացիական տնտեսություններին, որ շատերը հայտնվել են վարկային լուրջ ծանրության տակ և ի վիճակի չեն կատարել իրենց պարտավորությունները։
Թե այդ ծրագրերը մինչև հիմա ի՞նչ են տվել, տեսնում ենք գյուղատնտեսության ոլորտի զարգացումների կամ, ավելի ճիշտ կլինի ասել, թերզարգացումների տեսքով։
Վերջին 4 տարիներին կամ իշխանափոխությունից հետո գյուղատնտեսության մեջ բացարձակապես աճ չի եղել։ Ոլորտը միայն հետ է գնացել։ Անկում է արձանագրվել անկումից հետո։ Ու այդպես՝ 4 տարի շարունակ։
Ահա և այն ծրագրերի արդյունքները, որոնց Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունները հասել են՝ իրականացնելով վարկերի սուբսիդավորում։
Դժվար է ասել, որ հիմա որոշել են հիմնովին փոխել վերաբերմունքը նախկին ծրագրերի նկատմամբ, բայց տեսնում ենք, որ այդ ծրագրերը նաև վերադառնում են։ Վերադառնում են այն տեսքով, ինչի համար նախկիններին քննադատում էին։
Քննադատում էին, որ մատակարարման պայմանագրերը կնքում են առանց մրցույթների, հիմա նույնն են անում։
Պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրն իրականացնելու համար մատակարար կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրության համար որևէ մրցույթ չի հայտարարվել։ Կառավարության վերջին նիստում, երբ հաստատվեց ծրագիրը, այդ մասին նույնիսկ խոսք չեղավ։
Մրցույթ չհայտարարելը վաղը հավանաբար կպատճառաբանեն ժամանակի սղությամբ։ Բայց նոր չէ, որ գիտեին, թե ինչ է կատարվում պարարտանյութի գների հետ։ Ամիսներ շարունակ խոսվում էր այդ մասին, իսկ կառավարությունը մատը-մատին չէր խփում։ Միայն վերջերս որոշեցին զբաղվել դրանով, երբ արդեն ժամանակի սղության խնդիր կար։
Իսկ գուցե ժամանակին մրցույթ հայտարարեին, ու հայտնվեր կազմակերպություն, որը պատրաստ լիներ ավելի ցածր գնով պարարտանյութ մատակարարել։ Պետական բյուջեից տրվող սուբսիդավորումն էլ քիչ կլիներ, կամ գյուղացին քիչ կվճարեր գնի չսուբսիդավորվող մասի համար։ Բայց չէ, կառավարությունը նախընտրել է ինքն իրականացնել մատակարար ընկերության կամ ընկերությունների ընտրությունը։
Կարևոր չէ, որ ընտրության համար որոշակի չափանիշներ են սահմանվել։ Միշտ էլ այդպես է լինում, պարզապես վերջում շահում են նրանք, ովքեր պիտի շահեն։ Խնդիրը, իհարկե, միայն մատակարարների ընտրության մեջ չէ։ Նախկինում ասում էին՝ ինչո՞ւ եք գումարը տալիս մատակարարին, տվեք գյուղացուն, թող գյուղացին որոշի, թե ումից գնի։
Հիմա ի՞նչ է փոխվել։ Պարզվում է՝ ոչինչ էլ չի փոխվել. կառավարությունը որոշել է, որ պարարտանյութի սուբսիդավորման գումարը ստանալու է ոչ թե գյուղացին, այլ այն կազմակերպությունը, որն իրականացնելու է դրա մատակարարումը։
Հարց է առաջանում, բա ինչո՞ւ էիք մեղադրում նախկիններին, որ այդպես էին անում։
Կառավարության նիստում ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կեսբերան հարց ուղղեց էկոնոմիկայի նախարարին, թե՝ ո՞ւմ ենք տալիս գումարը, ու պատասխանից հետո, հասկանալի պատճառներով, որոշեց այլևս չշարունակել թեման։
Ահա և այսպես. նախկիններին քննադատում էին մի բանի համար, որը հիմա իրենք են անում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ